Վահե Լոռենցի «Ախթալա» գրքի շնորհանդես


    Մայիսի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի «Ախթալա» գրքի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման հանդիսավարը՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Պարոն Լոռենցը իր ծավալուն և հետաքրքիր զեկույցի մեջ նշեց, որ գիրքը «Տիր-Ար զբոսավարներ»-ի մատենաշարի առաջին գիրքն է, որտեղ ներկայացված են Լոռու մարզի Ախթալա քաղաքի պատմութունը, հուշարձանները, վանքերը: Այն նախատեսված է զբոսավարների դասընթացների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար: «Մենք աշխատում ենք մի սկզբունքով. զբոսավարը, ոչ միայն սպասարկման ոլորտի աշխատող է, այլ նաև մեր հայրենիքի, մեր ազգի մշակութային դեսպանն է օտարերկրյա հյուրերի մոտ: Այդ սկզբունքով առաջնորդվելով՝ ներկայացնում ենք մեր արժեհամակարգը Հայաստան ժամանած հյուրերին»,-իր խոսքում նշեց նա: Հեղինակին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ գործարար Արթուր Ղազինյանը: Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեցին և հեղինակին շնորհավորեցին երգիչ, երգահան Արսեն Համբարյանն ու գուսան Հայկազը: Ամփոփելով շնորհանդեսը՝ հեղինակը խոստացավ, որ մատենաշարի հաջորդ համարը նվիրված կլինի Հաղպատին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են