Ֆոտոցուցահանդես Արևիկ Ծերունյանի «Կորուսյալ կայսրություն»խորագրով


    Ապրիլի 29-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Արևիկ Ծերունյանի «Կորուսյալ կայսրություն» խորագիրը կրող աշխատանքների ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Մայր գրադարանի և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսը հեղինակի կողմից գրված ֆանտաստիկ վիպակի հիման վրա քանդակային անսամբլի լուսանկարների շնորհանդես է: Նպատակն էր վերաստեղծել ժամանակին գոյություն ունեցող զորեղ հայոց կայսրությունը` արվեստի և մետաֆիզիկայի միջոցով: Ընդհանուր առմամբ, «Կորուսյալ կայսրություն» անսամբլն իրենից ներկայացնում է աշխատանքի հազարավոր ժամերի արգասիք և բազմապիսի քանդակագործական ձևերի մշակում:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը, ով հույս հայտնեց Արևիկի օրիգինալ աշխատանքները տեսնել Հայաստանում: Նկարչուհուն ողջունեցին և ջերմ շնորհավորանքներ հղեցին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը և այլոք:
Ներկայացնելով «Կորուսյալ կայսրություն» ֆանտաստիկ վիպակի բովանդակությունը՝ նկարչուհին շնորհակալություն հայտնեց ներկաներին և տեղեկացրեց, որ աշխատանքները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հայկական գրադարան-թանգարանում:
Աշխատանքների ցուցադրությունը կշարունակվի ևս մեկ շաբաթ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են