2015 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողություն


    Ապրիլի 27-ին` Երևանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում, տեղի ունեցավ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, լրագրողներ: Մինչ ընկերություններին մրցանակների հանձնումը` ներկաներին ողջունեցին և մրցանակաբաշխության մասնակիցներին շնորհավորեցին Ռոսստանդարտի ղեկավար Ալեքսեյ Աբրամովը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: «Արտադրանքի և ծառայությունների որակի այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի ներկայացնել գործող տնտեսական ոլորտները և տնտեսվարողներին, թե ինչ աշխատաոճ ենք մենք կարևորում»,-իր խոսքում նշեց պարոն Տարասյանը:
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհվեցին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը,«Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ը,«Մարտունու Ծննդատուն» պետական ՓԲԸ-ը, «Ալգարե» ՍՊԸ-ը, «Սահակյանշին» ՓԲԸ-ը, «Արմօյլ» ՓԲԸ-ը, «Լոկատոր» ՓԲԸ-ը, «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ը:
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի արժանացնելու համար և նշեց. «Կենտրոնական գրադարանի աշխատակազմը տոգորված է աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և պատասխանատվության զգացումով, քանի որ մենք աշխատում ենք գրքի հետ: Բոլորիս հայտնի է գրքի դերը մեր ժողովրդի կյանքում. գիրքը եղել է պաշտամունքի առարկա, այդ են վկայում բազմաթիվ պատմական փաստեր»:
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անց է կացվում յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N116 որոշմամբ սահմանված կարգով` արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում նշված որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են