Սվետլանա Հակոբյանի «Կա մի էակ աշխարհում» գրքի շնորհանդես


    Ապրիլի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ ԿԳ-ի սպասարկման բաժնի գրադարանավար Սվետլանա Հակոբյանի «Կա մի էակ աշխարհում» գրքի շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Տիկին Բարսեղյանի խոսքով՝ հեղինակը գրքում ներկայացրել է հայ կնոջ կերպարը՝ ողողված սիրով՝ դեպի իր ընտանիքը, իր հայրենիքը, իր որդիները, իր ընկերները… Հաջորդիվ հեղինակին ողջունեցին և գրքի ծնունդը շնորհավորեցին վաստակավոր գրադարանավար Վիոլետա Մինասյանը, ԿԳ-ի սպասարկման բաժնի գրադարանավարներ Գոհար Մանվելյանը, Հասմիկ Շուշոյանը, ԿԳ-ի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Գոհար Կարապետյանը. «Բոլոր թեմաների միջով կարծես կարմիր գծի նման անցնում է սերը: Ամբողջ գրքի էջերով սեր է՝ այն մեծ սերը, որ Դուք տածում եք աշխարհի, մարդկության, հայրենիքի, ընտանիքի և աշխատանքային ընկերների հանդեպ: Ես հիացած եմ Ձեր մայրական զգացումով, որը այնքան է բարձրացել, որ հասել է աղոթքի աստիճանի…» Գրքում տեղ գտած «Զոհված ազատամարտիկի դստեր մտորումները» ստեղծագործությունը հեղինակը նվիրել էր ԿԳ-ի սպասարկման բաժնի աշխատակցուհի Ալինա Պետրոսյանին, ով առանձնակի ջերմությամբ ու երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեց տիկին Սվետլանային, որ նա կարողացել էր ճանաչել իրեն, թափանցել իր ներաշխարհ և վերհանել այն ամենը ինչ կար զոհված ազատամարտիկի դստեր հոգում: Այնուհետև՝ հուզված, բայց միևնույն ժամանակ մարտական ոգով, որը բնորոշ էր ազատամարտիկի դստերը՝ հանդիսատեսին ներկայացրեց բանաստեղծությունը:
… Երբ շատ փոքր էի,
Կանչում էի «հայրիկ»,
Եվ շատ էի ուզում,
Որ հայրս ձայներ,
Բայց ավա˜ղ, իզու˜ր…
Պարմուհի դարձա,
Եվ հոգու խորքում,
Քեզնից նեղացա,
Թե ինչու՞, հայրիկ.
Քո հայրենիքը,
Դու ավելի շատ
Սիրեցիր, քան՝ մեզ.
Ինչու թողեցիր,
Ու մեր կողքին չես:
Ներիր ինձ, Հայրի′կ,
Հիմա այլ կերպ է
Սիրտս բաբախում:
Հիմա ես գիտեմ,
Ու ես հպարտ եմ,
Որ քո աղջիկն եմ,
Քեզ շատ եմ սիրում:
Էլ ես մենակ չեմ՝
Ինձ հետ ես դու միշտ,
Եվ թե արթմնի,
Թե՝ երազներում:
Այս խաղաղ օրը,
Ու մեր ունեցած
Այս հայրենիքը՝
Քեզ ու մարտական
Ընկերներիդ ենք
Այսօր պարտական:
…………………….
Դու ամենալավ
Հայրն ես աշխարհում…
Քեզ շա˜տ եմ սիրում:…
Հանդիսատեսը ունկնդրեց հեղինակի ստեղծագործություններից մի քանիսը՝ ցերեկոյի հանդիսավար դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: «Բալիկիս» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը նույնպես Սվետլանա Հակոբյանն էր, կատարեցին ԿԳ-ի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Սյուզաննա Նազարյանը և ԿԳ-ի սպասարկման բաժնի աշխատակցուհի Սյուզաննա Ազարյանը: Շնորհանդեսի ավարտին իր սրտի խոսքը հանդիսատեսին հղեց հեղինակը. «Շնորհակալություն եմ հայտնում և խոնարհվում եմ այն զինվորների առջև, ովքեր չորսօրյա պատերազմին այդ ճիվաղներին շպրտեցին մեր Արցախ երկրից, և աղոթում եմ այն տղաների համար, ովքեր բուժման ընթացքում են և հիմա սահմանում են: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ մեր այս թռչող ու կարճ ժամանակների մեջ տեղավորվել եք և մի քանի րոպե հատկացրել եք այս միջոցառմանը: Շնորհակալ եմ նրանց, ովքեր այս մեր ոչ պոետիկ և ռոմանտիկ իրականության մեջ սիրում և կարդում են պոեզիա: …Երջանկությունն այն է, որ քեզ հասկանում են… Ես այսօր երջանիկ եմ…»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են