Նկարիչ-խեցեգործ Վարդան Այվազյանի գրքի շնորհանդես


    Ապրիլի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նկարիչ-խեցեգործ Վարդան Այվազյանի «Հայկի աներևակայելի ճանապարհորդությունը նախնյաց երկիր» գրքի շնորհանդեսը: Ցերեկոն մեկնարկեց հեղինակի կողմից ուղարկված ուղերձով, որտեղ հեղինակը ներկայացնում էր հեքիաթի ստեղծման պատմությունը: Հաջորդիվ, հանդիսատեսը ունկնդրեց հատվածներ հեքիաթից՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
«Հայկի աներևակայելի ճանապարհորդությունը նախնյաց երկիր»-ը գեղեցիկ երևակայական պատմություն է մի պատանու մասին, ով, ճանապարհորդելով իր նախնիների երկրում՝ Վան-Վասպուրականում, ծանոթանում է ոչ միայն նրա պատմությանը, աշխարհագրությանը, հայրենիքի ընծայած բարիքներին, այլև հաղորդակից լինում մագաղաթյա մասունքների պատգամի իմաստությանը՝ «ՍԻՐԻ′Ր, ՊԱՀԻ′Ր, ՊԱՇՏՊԱՆԻ′Ր ՀՈՂԴ ՀԱՅՐԵՆՅԱՑ»: Գրքույկն ունի հույժ դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է բարձր դասարանի աշակերտների և ընթերցողների լայն շրջանակի համար:
Գրքում տեղ է գտել բանասիրական գիտությունների թեկնածու Ալվարդ Ղազիյանի խոսքը՝ նվիրված հեքիաթին. «Նկարիչ Վարդան Այվազյանը մշակել է Հայոց աշխարհի Վասպուրական ազգագրական շրջանի հեքիաթները՝ ստեղծելով մի երկ, որն այսօրվա բնորոշմամբ կարող է անվանվել ասք: Դպրոցահասակ երեխան, կարդալով այն, որոշակի գիտելիքներ է ձեռք բերում ազգագրական այս շրջանի մասին, քանի որ երկրում առկա են պատմաաշխարհագրական տվյալներ: Այստեղ գործող կերպարները մոտ ու հարազատ են ընթերցողի սրտին, քանի որ դրանք մեր նախահայրերն են: Երկն ընթերցողին դաստիարակում է վեհի ու ազնվության ոգով, ներշնչում ազգային ինքնագիտակցություն, արժանապատվություն և հայրենասիրություն, ինչը տվյալ դեպքում ամենակարևորն է»:
Հեղինակի և ստեղծագործության մասին ելույթով հանդես եկան բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, Աննա Ալավերդյանը,գրքի նկարազարդման հեղինակը՝ Սրբուհի Այվազյանը և այլոք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են