Հանդիպում Ռուբեն Մարուխյանի հետ և նրա «Ընտրանի»գրքի շնորհանդես


    Մարտի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Մարուխյանի հետ և նրա «Ընտրանի» գրքի շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Հեղինակին ողջունեց և նոր գրքի ծնունդը շնորհավորեց բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» հրատարակվեց շատ մեծ տպաքանակով, բայց դրանք արագ սպառվեցին և մինչև այսօր էլ ընթերցողները կարդում են այն»,-նշեց նա: Հաջորդիվ ելույթով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը, գրող, կինոգետ, հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը. «Ռուբեն Մարուխյանը նախ և առաջ պոետ է՝ իր ամբողջ աշխարհազգացողությամբ՝ իր և´ արձակով, և´թատերական գործունեությամբ: Նա պոետ է, որովհետև պոետները, ինչպես Սարոյանն է ասում, շատ լավ ճանաչում են այս աշխարհը, շատ լավ գիտեն ճշմարտությունը, բայց փնտրում են ավելի լավ բան...: Հիմա Ռուբեն Մարուխյանը անընդհատ ավելի լավ բան փնտրողներից է, և դա դառնում է իր համար կենսակերպ, մթնոլորտ: Թատերական ինստիտուտում նա ամենասիրված անձնավորություններից է և պատահական չէ, որ դահլիճում այդ ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներն են՝ ալեհերներից մինչև երիտասարդները, ինչպես նաև ուսանողներ»,-իր խոսքում նշեց նա: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները՝ տիկնիկային ներկայացման միջոցով, ողջունեցին ներկաներին և ստեղծեցին բարձր տրամադրություն : Հեղինակի ստեղծագործություններից ընթերցեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական խոսքի դասախոս, դերասանուհի Զարուհի Ներսիսյանը և համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, ինչպես նաև ցերեկոյի հանդիսավարը՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Ցերեկոյի ավարտին շնորհակալական և ողջույնի խոսքով հանդես եկավ հեղինակը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են