Լավագույն գրադարանը՝ ըստ «Իրավունք» թերթի


    Փետրվարի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր «Իրավունք» թերթի աշխատակիցներին: Ցերեկոյին ներկա էին մայր գրադարանի աշխատակիցները, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Ներկաներին ողջունեց և Վարպետի խոսքը՝ նվիրված մայր գրադարանին, ընթերցեց դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը. «Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ, մանավանդ Վենետիկում, առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում քաղաքի առաջին մասսայական գրադարանը, անչափ ուրախացնում է ինձ: Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Ես կանեմ ամեն ինչ, որ Ձեր այս հրաշալի գրադարանում մշտապես զգացվի հայ բազմադարյան գրականության շունչը: Ձեր գրադարանին մաղթում եմ երկար ու բարի ուղի, թող այն լինի հավիտյան, ինչպես որ հավիտյան է գիրքը»: Իսահակյանի անվան գրադարանի պատմության, կազմակերպվող հանդիպումների, բազմաբնույթ գործունեության մասին հյուրերին ներկայացրեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Հաջորդիվ «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչպես է «Իրավունք» թերթը յուրաքանչյուր տարվա ընթացքում ուշի ուշով հետևում մշակույթի տարբեր ոլորտների և գործիչների գործունեությանը և նրանց կատարած աշխատանքներին` ընտրում տարվա լավագույն և վատագույն մշակույթի գործիչներին և կառույցներին , և ավելացրեց, որ այս տարի ՀՀ լավագույն գրադարան է ճանաչվել Իսահակյանի անվան գրադարանը. «Տրվում է պատվոգիր՝ «Իրավունք» թերթի կողմից 2015թ. Հայաստանի Հանրապետությունում լավագույն գրադարան ճանաչվելու կապակցությամբ, տարվա ընթացքում ակտիվ գործունեություն ծավալելու, Իսահակյանի եռատոնի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60-ամյակների համար»: ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ շնորհավորելով գրադարանի աշխատակազմին՝ նշեց. «Իսկապես, հետևելով գրադարանի նախորդ տարվա աշխատանքին, միայն կարելի է ողջունել եւ շնորհակալություն հայտնել: Ազգային ժողովում ընդգրկված լինելով կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում, կարծում եմ, որ այսօր Ձեր աշխատանքը շատ կարևոր է` մեզ պետք է կրթված, կարդացած ու գրագետ հասարակություն: Ցավոք սրտի այսօր ընթերցանության մշակույթը մտահոգիչ է , մարդիկ կտրվել են գրքից և գրադարանից : Այստեղ Ձեր աշխատանքը շատ կարևոր է, փորձում եք պահպանել ընթերցողին, նրան կապել ձեր գրադարանի հետ, գրքի, մշակույթի և ,ընդհանրապես, արվեստի հետ: Ուրախ էի, երբ տեղեկացա, որ գրադարանում հետազոտական աշխատանքներ են կատարվում, որ գրադարանն ունի մշակութային, միջազգային այլ կապեր»: Շնորհավորելով իսահակյանցիներին՝ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ պատվոգրին արժանացնելու համար: Տիկին Կարապետյանը հյուրերին նվիրեց Իսահակյանական եռատոնի առթիվ տպագրված գրադարանի պատմությունը ներկայացնող գրքույկները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են