ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ


    Դեկտեմբերի 18-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տոն էր. իսահակյանցիները նշում էին Իսահակյանական եռատոնը՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 և գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակներին: Ավետիք Իսահակյանը համաշխարհային գրականության բացառիկ արժեքներից է, ում ժողովուրդը օծել է Վարպետ անունը: «Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ, մանավանդ Վենետիկում, առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում քաղաքի առաջին մասսայական գրադարանը, անչափ ուրախացնում է ինձ: Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Ես կանեմ ամեն ինչ, որ Ձեր այս հրաշալի գրադարանում մշտապես զգացվի հայ բազմադարյան գրականության շունչը: Ձեր գրադարանին մաղթում եմ երկար ու բարի ուղի, թող այն լինի հավիտյան, ինչպես որ հավիտյան է գիրքը»,- ասել է Վարպետը: Հանդիսությունը նշվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ներկա էին գրադարանի բարեկամները, մշակութային գործիչներ, իսահակյանասերներ, բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: «Գրադարանային գործի ժամանակակից ձևերի, առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցման շնորհիվ այն այսօր հասել է ցանկալի արդյունքների»,-ասված էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի խոսքով գրադարանի և ընթերցողի ունեցած դրական վերաբերմունքը միմյանց նկատմամբ փոխադարձ է: «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի 80-ամյակի առթիվ, գրադարանավարության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Գրադարանի 80-ամյակի առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տեղեկատու-մատենագիտական բաժնի վարիչ Գայանե Եդիգարյանն ու գրացուցակների կազմակերպման բաժնի վարիչ Մարինե Գրիգորյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձում նշված էր, որ գրադարանը լավագույն օրինակն է դարձել ժամանակակից հանրային գրադարանի, որտեղ հաջողությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ նոր ծրագրեր: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը,- կարևորելով գրադարանը՝ մեր հոգևոր արժեքն ենք կարևորում: ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց Ավ Իսահակյանի անվան ԿԳ-ի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը: ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին արժանացան «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի» համալրման և մշակման բաժնի առաջատար գրադարանավար Գայանե Մարգարյանը, ֆոնդերի պահպանման բաժնի վարիչ Լարիսա Շահվերդյանը և թիվ 28 գրադարան-մասնաճյուղի վարիչ Գայանե Ալեքսանյանը: Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պատվոգրին են արժանացել նաև գրադարանի աշխատակիցներ Կարինե Մկրտչյանը, Քնարիկ Արարատյանը, Հասմիկ Սարաֆյանը, Անահիտ Սիմոնյանը, Կլավդիա Նալբանդյանը, Սուսաննա Քալանթարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արմենուհի Մեժունցը: Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանն արդեն 20 տարի է ղեկավարում է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Շնորհակալական խոսքի և օրվա խորհրդի մասին խոսելուց հետո, տիկին Կարապետյանը տեղեկացրեց, որ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի գիտական խորհրդի որոշմամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական և գործնական աջակցության շնորհիվ ստեղծվեց «Ավետիք Իսահակյան» հուշամեդալը՝ գրադարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակնառու ծառայությունների համար անհատ քաղաքացիների և կազմակերպությունների պարգևատրելու նպատակով: «Մի գաղտնիք բացեմ. «Ավետիք Իսահակյան» համար 001 մեդալը հանձնվելու է հենց Տարոն Մարգարյանին»-նշեց տիկին Կարապետյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն Գոշերթը և ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը, Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետը և այլոք: ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը Իսահակյան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին և ԿԳ-ի ընթերցասրահի բաժնի վարիչ Կլավդիա Նալբանդյանին հանձնեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգևը՝ Հակոբ Մեղապարտ մեդալը: Ներկաները ըմբոշխնեցին Իսահակյանի հրաշալի պոեզիայից հատվածներ դերասանուհիներ Արսինե Նավասարդյանի և Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Երաժշտական կատարմամբ հանդես եկան Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլի մեներգիչ Էդգար Խաչատրյանը՝ ժող. գործիքների համույթի նվագակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Արտակ Ստեփանյանը՝ Լևոն Հարությույանի նվագակցությամբ: «Իսահակյանական եռատոնի» կապակցությամբ գրադարանը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, որոնք փաստում են, որ գրադարանային ոլորտում իրականացվող ծրագրերը կոչված են բարձրացնելու, պահպանելու և զարգացնելու ազգային-մշակութային ժառանգությունը, խթանելու անհատի և հասարակական ստեղծագործական ներուժը և ինտեգրումը համաշխարհային մշակույթին: ...Սիրտը զգում է, իսկ երգը հայտնում է աշխարհին սրտի զգացածը: Սա է պոեզիան, էլ ուրիշ ոչ մի բան...զգացմունքն է պոեզիան...
Երեկոյի հանդիսավարներն էին դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը.
- Բարի երթ ՝դեպի նոր հոբելյաններ և նոր հանդիպումներ ,Երևանի մայր գրադարան........

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են