Հոբելյանական երեկո նվիրված Սուրեն Մուրադյանի 85-ամյակին


    Նոյեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում` Հայաստանի գրողների միության, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ, նշվեց բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Հանդիսությանը ներկա էին Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 և թիվ 81 միջնակարգ դպրոցների աշակերտներն ու մանկավարժները, բազմաթիվ մտավորականներ, գրականագետներ, լրագրողներ, երաժիշտներ և հյուրեր: Հոբելյարին նվիրված տեսանյութով ազդարարվեց երեկույթի սկիզբը: Հաջորդիվ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը ողջունեց և հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` նվիրված Սուրեն Մուրադյանի հոբելյանին, որում մասնավորապես ասված էր. <<Հարգելի պարոն Մուրադյան: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 85–րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ: Շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ, կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ>>: Տիկին Կարապետյանը հրապարակեց նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը.-<<Շնորհավորում եմ Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ: Շարունակելով հայ մանկագրության ավանդույթները, տարիներ շարունակ Դուք մանուկների համար բացահայտում եք իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները: Ձեր ստեղծագործություններով են դաստիարակվել տարբեր սերունդներ՝ սովորելով գեղեցկության, արդարության ու ընկերասիրության ուղղակի ու անուղղակի դասերը, որոնք այսօր էլ շարունակվում են շնորհիվ Ձեր ստեղծագործական անսպառ եռանդի>>: Պաշտոնական ուղերձները հրապարակելուց հետո Տիկին Կարապետյանը իր և գրադարանի ամբողջ անձնակազմի անունից շնորհավորեց և մաղթեց երկար կյանք, ամուր առողջություն, ստեղծագործական նոր խիզախումներ: Հաջորդիվ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, շնորհավորելով հոբելյարին, հրապարակեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը` Սուրեն Մուրադյանին նախարարության պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգևատրելու մասին.-<<Ծննդյան 85-ամյակի առթիվ, գրականության և արվեստի տարածման, զարգացման, հանրահռչակման, մանուկների գեղարվեստական մտքի ձևավորման գործում ունեցած նշանակալի ավանդի համար>>: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, ՀՀ պետական լեզվի տեսչության պետ, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության նախագահ, Սերգո Երիցյանը, ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը, ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Անուշ Վարդանյանը և այլոք: Երաժշտական կատարումներով հոբելյարի պոեզիան ներկայացրեցին և նրան ողջունեցին երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, Հայաստանի հանրային ռադիոյի <<Արևիկ>> մանկապատանեկան անսամբլը` գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազարյանը, <<Վասպուրիկ>> մարիոնետների թատրոնի սաները` գեղարվեստական ղեկավար Աննա Սարգսյան: Երեկույթի հանդիսավարը դերասանուհի-ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ով ներկաներին մատուցեց Սուրեն Մուրադյանի պոեզիայի հրաշալի նմուշներ: Ներկաներին ողջունեց օրվա հոբելյարը .ՙՙ<< Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում իմ հրատարակած գրքերով, իմ սուրբ ընտանիքով, դուստրերով, թոռներով ու ծոռներով և բազում փոքր ու մեծ ընթերցողներով: Ես հարուստ եմ իմ կենսագրությամբ, հպարտ եմ, որ իմ ոգեշնչման չափանիշն ու աղբյուրը իմ ծննդավայրն է` Լոռին, իմ Ակներ գյուղը, Դեբեդը, Լալվարը, Կայան բերդը, խորունկ ձորերը, սեգ սարերը, Լոռվա պարզամիտ ու շիտակ մարդիկ, հանճարեղ Թումանյանի հեքիաթային հրաշք աշխարհը...>>: Միջոցառման ավարտին նա բոլորին նվիրեց իր հեղինակած գրքերը` իր մակագրությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են