Հանդիսություն նվիրված Ռուբեն Գևորգյանցի ծննդյան 70-ամյակին


    Նոյեմբերի 24-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի ծննդյան 70-ամյակին: Ցերեկոյին ներկա էին բազմաթիվ մտավորականներ, ուսանողներ և հյուրեր: Հոբելյարի ստեղծագործական գործունեությունն ու անցած ուղին ներկայացրեց միջոցառման հանդիսավարը՝ գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագետ, թարգմանիչ Սերգեյ Գալստյանը: Հեղինակի պոեզիայի մասին խոսեցին և ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին բանաստեղծուհի, արձակագիր Գոհար Գալստյանը, դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը և դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան կինոքննադատ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանը, ‹‹Ավ. Իսահակյանի անվան ԿԳ›› ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ‹‹+Կինո›› ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը և այլոք: Հանդիսության առաջին մասի ավարտին ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը: ‹‹Ես հավատում եմ մեր ազգի հավերժությանը, համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ մեր հարևանները, կամ ոչ հարևանները վերջապես կհասկանան, թե ով է հայը, որոնք մինչ այսօր չեն հասկացել: Քանի որ ես ազգայնական եմ, ինձ համար հայը ամեն ինչ է: Հայն այն լակմուսի թուղթն է, որով կարող եմ ստուգել ուրիշ երկրների ու ազգերի: Նրանք, ովքեր հայերին հասկանում, գնահատում ու լավ են վերաբերում՝ ապագա կունենան... Ես համոզված եմ՝մենք հաղթելու ենք, բայց դրա համար պետք է կրթված լինենք: Ա՛յ կրթությունն է, որ հիմա մի քիչ պակասել է, իսկ կրթությունը ամենակարևոր թթվածինն է...››, - իր խոսքում նշեց հոբելյարը: Հանդիսության երկրորդ մասում ցուցադրվեց Ռուբեն Գևորգյանցի ‹‹Հրաշագործի աշունը›› վավերագրական ֆիլմը, որը նվիրված է իտալացի գրող, նկարիչ, քանդակագործ, դրամատուրգ, ճարտարապետ, լրագրող, կոնստրուկտոր, մեկենաս, մանկավարժ, մետալուրգ, գյուտարար, հասարակական գործիչ, գյուղատնտես, այգեպան, քիմիկոս, ֆուտբոլիստ, սաքսոֆոնահար և պարզապես լավ մարդ Տոնինո Գուերային։ Ֆիլմը մասնակցել է 5 միջազգային կինոփառատոների և արժանացել գլխավոր մրցանակների, իսկ 2009 թվականին՝ ՀՀ նախագահի մրցանակին: Ֆիլմը ներկայացվել է նաև Օսկար մրցանակաբաշխության:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են