Հուշ-երեկո նվիրված Աղասի Այվազյանի 90-ամյակին


    Նոյեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի 90-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19-րդ դպրոցի սաները, ուսուցիչներ,լրագրողներ, գրականագետներ, կինոգետներ և բազմաթիվ ընթերցողներ: Աղասի Այվազյանի ստեղծագործական գործունեությունն ու անցած ուղին ներկայացրեց բանասեր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը: Ցուցադրվեցին Հենրիկ Մալյանի ‹‹Հայրիկ›› ֆիլմից կադրեր: Հաջորդիվ Աղասի Այվազյանի մասին հուշերով, պատմություններով ու հույզերով հանդիսատեսի հետ կիսվեցին ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, գրականագետ Գոհար Մկրտչյանը, ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը, ով իր խոսքում նշեց, որ կա ծրագիր Աղասի Այվազյանի մշակութային կենտրոն ստեղծելու մասին: Երախտիքի խոսքով հանդես եկավ Աղասի Այվազյանի կինը՝Գրետա Վերդյանը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Գրիգոր Գրիգորյանը, Թագուհի Ղազարյանն ու Աննա Զաքարյանը ներկայացրեցին բեմականացված հատվածներ Աղասի Այվազյանի ստեղծագործություններից: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Արման Վերանյանը, Աստղիկ Սողոյանն ու Առլինա Սարգսյանը՝որպես երիտասարդ գրականագետներ, յուրովի ներկայացրեցին Աղասի Այվազյանի էությունը. ‹‹Աղասի Այվազյանը բազմատաղանդ մարդ էր: Նա իրեն ցուցաբերեց թե՛ արձակում, թե՛ դրամատուրգիայում, թե՛ որպես հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր և թե որպես գեղանկարիչ: Սակայն հանձն առնելով այսքան պարտականություններ՝ գործելով միանգամից մի քանի բնագավառներում, Աղասի Այվազյանի տաղանդը չթուլացավ, նա չթերացավ իր ոչ մի գործում, ավելին՝ նա համադրեց այս բոլորը և երկնեց միայն իրեն հատուկ տաղանդի այնպիսի գրական և մշակութային նմուշներ, ինչպիսիք են ‹‹Եռանկյունի››, ‹‹Հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները և բազում-բազում այլ գործեր››,- նշեց Արման Վերանյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են