<<Նռան հատիկ>> 2015-ի փակումը


    Հոկտեմբերի 30-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական 15-րդ փառատոնի փակումը: Այս տարի այն կրում էր <<Վերածնունդ>> խորագիրը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Դահլիճում յուրօրինակ իրարանցում էր: <<Նռան հատիկ>>-ի թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակիցները և թե՛ հանդիսատեսը միաժամանակ և՛ ուրախ էին, և՛ տխուր: Ավարտին էր հասել հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: Հանդիսությամբ բացվեցին բեմի վարագույրները <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի նախագահ՝ Գարիկ Ղազարյանը ողջունեց <<Նռան հատիկ>>-ի կազմակերպիչներին, <<Նռան հատիկ>>-ին հյուրընկալող մշակութային կենտրոններին, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչին, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրինությանը, <<Կանչ>> թերթի խմբագրությանը, որը 15 տարի շարունակ լուսաբանում է փառատոնի մասնակից խմբերի ելույթները և հանդիսատեսին: Այնուհետեև բոլոր ներկաները ունկնդրեցին ՀՀ հիմնը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակից Լուսինե Թորոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից հանձնեց պատվոգրեր և <<Գրիգոր Նարեկացի>> հուշամեդալներ՝ <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի նախագահ՝ Գարիկ Ղազարյանին, <<Նռան հատիկ>> փառատոնի նախագահ՝ Արուսյակ Մանթաշյանին և <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի վարչության անդամ՝ Գևորգ Բաբախանյանին՝ <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական շրջանակներն ընդլայնելու և մարզերում երեխաների հետ տարվող կրթամշակութային աշխատանքների, ինչպես նաև փառատոնի 15-ամյա գործունեության համար: ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեց ՀՀ Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի <<Սիրոն>> թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյանը:
<<Նռան հատիկ>> փառատոնի կազմակերպիչները հանդիսավորությամբ մասնակիցներին հանձնեցին փառատոնի խորհրդանիշ հանդիսացող <<Թռիչք>> արձանիկը, պատվոգրեր՝ <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական 15-րդ փառատոնին մասնակցելու համար, գեղեցիկ ծաղկեփնջեր և ՀՀ-ում՝ ԱՄՆ դեսպանատան կողմից ուղղարկված նվերներ՝ գրքի տեսքով: Այնուհետև <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, <<Նռան հատիկ>> փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանը <<Շնորհակալագրեր>> հանձնեց՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին և <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի տնօրեն Սոֆյա Կիրակոսյանին՝ <<Նռան հատիկ>>-ին հյուրընկալելու համար: Փակման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո հանդիսատեսին ողջունեցին <<Բեմել<<Ս>> պարային թատրոն-ստուդիայի պարուհիները: Նրանք ներկայացրին <<Նռան պար>>՝ <<Ուզունդարա>>: Պարի ավարտին <<Բեմել<<Ս>> թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար Սարգիս Նիկողոսյանը անակնկալ մատուցեց թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին. հրավառության ուղեկցությամբ հնչեց փառատոնի հիմնը՝ <<Թատրոն>> երգը: Ավարտվեց <<Նռան հատիկ 2015>>-ը, բայց <<Նռան հատիկ>>-ը շարունակվում է . . .

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են