Սեպտեմբերի 29-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր մասնակցելու և ողջունելու երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու նոր՝ սիրային, հայրենասիրական, հերոսության գովերգմամբ հագեցած բանաստեղծություններով լի <<Բռի աստվածներ>> և <<Սիրո և մահվան տեսիլներ>> վերնագրերը կրող գրքերի շնորհանդեսին:
Միջոցառման հանդիսավարը դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանն էր, ով իր հիանալի ասմունքով ջերմացրեց ներկաների սրտերը: Հաջորդիվ, հեղինակին ողջունեցին ու շնորհավորեցին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը, որոնք ներկայացնելով Դավիթ Մշեցուն, բնութագրեցին նրան որպես ազգային արմատներից սնված, իր հողի ու ջրի բանաստեղծ:
Հեղինակին ու ներկաներին իրենց անզուգական երաժշտական կատարմամբ ողջունեցին երգչուհի Անուշիկ Հարությունյանը, երգի միջազգային մրցույթների կրկնակի ոսկե մեդալակիր Հայկ Մխոյանը, հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանը:
Այս պոետիկ ցերեկույթը կայացած չէր լինի, եթե ներկաները չլսեին հեղինակի ստեղծագործություններից, որոնց ընթերցմամբ էլ հանդես եկան դերասան Մարատ Խաչատրյանը և բանաստեղծ, ասմունքող Վահագն Հակոբյանը:
Միջոցառման ավարտին հեղինակը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց ընթերցողներին ու հյուրերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են