Հանդիսություն նվիրված Ֆելիքս Բախչինյանի ծննդյան 65-ամյակին


    Սեպտեմբերի 22-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գրողների միության անդամ, <<Ֆրիտյոֆ Նանսեն>> հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հանդիսությունը՝ <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի հետ համատեղ: Հոբելյարին ողջունելու և շնորհավորելու էին եկել նրա ընկերները, մտերիմները և բազմաթիվ ընթերցողներ: Միջոցառման հանդիսավարը ասմունքող Գայանե Սամվելյանն էր: Պարոն Բախչինյանին ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեցին հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, բանաստեղծ, նկարիչ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը, բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռուզան Ասատրյանը, ՀՀ Նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ Արծրուն Ավագյանը, գեղանկարիչ Սամվել Խաչատրյանը, գրող հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, լրագրող, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը: Նրանք մեծ սիրով ու ակնածանքով ներկայացրեցին հոբելյարին, նրա ստեղծագործական ճանապարհը և կատարած անգնահատելի աշխատանքը հայրենիքի համար: <<Ֆելիքս Բախչինյանը կենդանի կամուրջ է դարձել հայրենիքի և սփյուռքի համար>>,- իր խոսքում նշեց Սամվել Մուրադյանը: ՀՀ Քաղաքաշինության նախարար պարոն Նարեկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը հոբելյարին փոխանցեց նախարարի մամլո քարտուղար Անահիտ Եսայանը: Միջոցառման ընթացքում Գայանե Սամվելյանը փոխանցեց <<ՈՒրարտու>> համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի ողջույնն ու շնորհավորանքը՝ ուղղված Ֆելիքս Բախչինյանին և հաղորդեց, որ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: Հոբելյարին ու ներկաներին իր երաժշտական կատարմամբ ողջունեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանը շնորհավորելով հոբելյարին ներկայացրեց հեղինակի նոր << Դե ժավյու>> գիրքը և ընթերցեց հատվածներ: Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին հատված <<Մի գիշեր <<Բարոն>> հյուրանոցում>> ֆիլմից, որի սցենարի հեղինակը Ֆելիքս Բախչինյանն է, ռեժիսորը՝ Էդուարդ Տեր-Սահակյանը, իսկ կանադահայ գրողի դերում նկարահանվել է Հովիկ Հովեյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են