Հունիսի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ,հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հեղինակած <<Բոլոնիայի գործընթացի հետագիծը>> խորագրով մենագրության շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Բոլոնիայի տասնամյա գործընթացի առանցքային հարցերի համառոտ դիտարկումները և մեկնաբանությունները: <<Բոլոնիայի գործընթացը չի սահմանափակվում միայն կրթական համակարգի շրջանակներում: Այն ունի նաև քաղաքական շարժառիթների ենթատեքստ և մեզ է ներկայանում որպես ներկայումս գործող համաշխարհայնացման ուղիների տարատեսակ>>,- նշում են հեղինակները: Պրոֆեսոր Սերգո Երիցյանը խոսեց ձեռքբերումների և բացթողումների մասին և հույս հայտնեց, որ ապագայում գործնականորեն կկիրառվեն ծրագրում նախանշված բոլոր կետերը: Արմեն Ճուղուրյանը պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում Բոլոնյան համակարգը և ծանոթացրեց ներկաներին այս համակարգը առաջին անգամ կիրառած Բոլոնիայի համալսարանի հետ` իր իսկ նկարահանած ֆիլմի միջոցով: Իր խոսքը հեղինակներին և ներկաներին հաղորդեց Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը: Իր գեղեցիկ ջազային կատարմամբ ներկաներին դրական լիցքեր փոխանցեց սաքսաֆոնահար Իշխան Հարությունյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են