«Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ե հատորի շնորհանդես


   Ապրիլի 21-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ե հատորի շնորհանդեսը և գրքի քննարկումը: Գրքում ներկայացված են Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Արամ Հայկազի պատմվածքները, հոդվածները, արխիվային նյութերը: Գրքի բովանդակության մասին խոսեց գրքի կազմող և ծանոթագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը: Ելույթ ունեցան <<Արամ Հայկազ. Մոռացված էջեր>> հինգհատորյակի խմբագիր, պատմաբան Գևորգ Յազըճյանը, արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ), ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար,բանասիրական գիտությունների դոկտոր, ազատամարտիկ Վարդան Դևրիկյանը, սփյուռքահայ գրականագետ, թարգմանիչ, ուսուցիչ, հասարակական գործիչ Մարգար Շարաբխանյանը, սփյուռքահայ, հայոց լեզվի ուսուցչուհի Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը, բժիշկ, ասմունքող Կամո Տեր-Պետրոսյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը:Դահլիճում էր նաև ֆրանսահայ հայտնի գրող Մովսես Պչաքճեանը, ով գրադարանին նվիրեց իր երկերի հինգհատորյակը: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Արսեն Համբարյանը, ով ներկայացրեց Դ. Վարուժանի ստեղծագործության հիման վրա գրած իր նոր երգը, ինչպես նաև կարդաց իր գրած «Երդում Ծիծեռնակաբերդում» նյութը: Ներկաները նշեցին, թե որքան կարևոր է Արամ Հայկազի աշխատանքները հանրությանը ներկայացնել հատկապես հիմա, երբ հայ ազգը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, քանի որ Արամ Հայկազի աշխատանքները ոչ միայն ծանոթացնում , այլև կարևոր ազգային-հայրենասիրական գաղափարախոսության դասեր են տալիս: Եկել է ժամանակը հասկանալու, որ առանց անցյալի սխալներն ուղղելու, ապագա կառուցելն անհնար է: Շնորհանդեսն ամփոփեց Մարգարիտա Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ պատրաստվում են հրատարակման Արամ Հայկազի ստեղծագործությունների վեցերորդ և յոթերորդ հատորները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են