Գրական հանդիսություն՝ նվիրված բանաստեղծուհի Մանիկ Աճեմյանին


   Ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում, հոբելյանի առթիվ, բանաստեղծուհի Մանիկ Աճեմյանի <<Ապագան երազն է, անբաժան հուշից և ինքնությունից>> հրավեր-զրույցին մասնակցում էին իր ընթերղոցները, ովքեր բանաստեղծական տողը ընկալում են օրվա տրամադրությանը համահունչ, բարի պահին, որպես ներշնչանք շարունակականն ապրելու, դժվարին ժամին՝ խրախույս դիմակայելու: Այո՛, ընթերցողը գրողի ժամանակակիցն է:Ժամանակի առջև գրողը իր ընթերցողին է ժամանակակից. այս հավատամքով է բանաստեղծուհին կերպար ստեղծում իր և ընթերցողի միջև. անհատ, ում հավատում են երկվության պահին, ով հավատում է հանուն բարու՝ դժվար ելքի: Հրավեր- զրույցին մասնակցություն ուներ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Թովմաս Անդրեասյանը, ում խոսքը՝ հանդիպում-զրույցի բանաստեղծական տողը, հոգևոր ոլորտին էր նույնացնում, իմաստավորելով բանաստեղծ Սարգիս Կարեյանի կարծիքը, որ նույնպես Մանիկ Աճեմյանի պոեզիայի և հեղինակի ինքնության նույնացում էր: Ճշմարտություն, որով այսօրվա ընթերցողը պիտի գնահատի իր ժամանակի ստեղծագործող անհատին: Զրույցին մասնակցեցին Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրեն, գրականագետ Ասատուր Սարյանը, <<Եթեր>> թերթի պատասխանատու-խմբագիր Գայանե Ենգոյանը: <<Ուրարտու>> համալսարանի շնորհավորական ուղերձը հանձնեց համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ներսիսյանը: Շնորհավորական խոսք ասացին նաև Երևանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի սաները: <<Երազ ու գույն>>, <<Ինձ երգ և սեր>>, <<Ամառ կիրակի>> գրքերի ընթերցված բանաստեղծությունների ընտրությունը դերասանուհի Գայանե Սամվելյանինն էր: Գրադարանը, որ տունն է ընթերցողի և ստեղծագործողի, միշտ իր հետաքրքիր հանդիպումն ունի: Հյուրընկալը գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն է, աշխատակազմը՝ օգնական ոգևորվողին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են