<<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>>


   Ապրիլի 2-ին <<Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ>> ծրագրի շրջանակներում, Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում նշվեց բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75- ամյակը: Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Դահլիճը լի էր գրողներով, մեծահասակ և փոքրահասակ ընթերցողներով, ովքեր հավաքվել էին ջերմ շնորհավորական խոսքեր հղելու հոբելյարին: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, ով փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պետրոսյանի շնորհավորական խոսքը և նախարարության բարձրագույն պարգևներից՝ <<Գրիգոր Նարեկացի>> մեդալ և պատվոգիր: ՀՀ հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանի և աշխատակիցների կողմից ուղերձը ներկայացրեց հանրագիտարանի աշխատակից Էլմիրա Մարգարյանը: Շնորհավորական խոսքերով ելույթ ունեցան նաև բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը, արձակագիր, հրապարակախոս, Հրաչյա Մաթևոսյանը /Հրաչօ/, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով հոբելյարին հանձնեց գրադարանի աշխատակազմի և ընթերցողների շնորհավորական ուղերձը, բանաստեղծ և լրագրող Արմեն Շեկոյանը, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը մանկավարժական համալսարանի շնորհավորական ուղերձը հանձնեց հոբելյարին: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլենա Հովսեփյանի շնորհավորական խոսքից հետո հանդես եկան գրադարանի փոքրիկ ընթերցողները, ովքեր հնչեցրին Երվանդ Պետրոսյանի մանկական ստեղծագործությունները, կատարեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր :Ազգային և ժողովրդական երգեր կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Թագուհի Սարգսյանը և Անուշ Հարությունյանը: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են