Դասախոսություն՝ նվիրված ֆրանսահայ կերպարվեստին


    Մարտի 18-ին <<Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում>> ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված ֆրանսահայ կերպարվեստին: ՀՀ Ազգային պատկերասրահի աշխատակից, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը ընթերցողներին ներկայացրեց սփյուռքի հայկայան գլխավոր գաղթօջախներից մեկում՝ Ֆրանսիայում ապրած հայ արվեստագետների կյանքն ու ստեղծագործությունները: Նա նշեց, որ ֆրանսահայ կերպարվեստի պատմության սկիզբ կարելի է համարել 1879թ.-ը, երբ ֆրանսիացի արվեստագետների ցուցահանդեսներից մեկում ներկայացվեցին Զաքար Զաքարյանի աշխատանքները: 1926թ.-ին Փարիզում ստեղծվում է հայ արվեստագետների <<Անի>> միությունը, որի հիմնադիրներն են եղել Է. Շահինը, Ս. Խաչատուրյանը, Վ. Մախոխյանը, Ռ. Շիշմանյանը, Հ. Փուշմանը: Միության նպատակն է եղել միավորել Ֆրանսիայում և այլ երկրներում ապրող հայ ստեղծագործողներին և նրանց գործերի միջոցով հանրությանը ծանոթացնել հայ մշակույթի հետ: Մարգարիտ Խաչատրյանն անդրադարձ կատարեց Զաքար Զաքարյանի ստեղծագործություններին և ներկայացրեց նատյուրմորտի վարպետի աշխատանքները: Ներկայացվեցին նաև ծովանկարիչ Վարդան Մախոխյանի գործերը , ում ծովանկարները արտացոլում են հայության ճակատագիրը: Զեկուցողը մեջ բերեց արվեստաբան Շահեն Խաչատրյանի խոսքերը. <<Մախոխյանը <<ծովի երգի>> մեջ խավարից դեպի լույս ձգվող երազանքի արձագանքն է արտացոլել ծովի անսահմանության մեջ>>: Այնուհետև ներկայացրեց գրաֆիկական արվեստի բարդ ձևերից մեկի՝ օֆորտի վարպետ Էդգար Շահինի կյանքն ու ստեղծագործությունը: Խոսվեց նաև հռչակավոր նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյանի) ստեղծագործությունների, նրա գրաֆիկայի, վիմագրության և գույների մասին:Ընթերցողը ծանոթացավ նաև աշխարհահռչակ գեղանկարիչ, ֆրանսիական տեսաբանության կողմից միզերաբլիստ՝ <<թշվառների նկարիչ>> ճանաչված Ժան Սեմի (Հովհաննես Սեմերջյանի) աշխատանքներին, բնորոշվեց նկարչի աշխատանքներին հատուկ ոճը: Նկարիչը տեսիլքներ է կերտել ու ձգտել անվրդով պահել նրանց խորիմաստ լռությունը. հատկանիշներ, որոնք բացահայտում են նրա ազգային պատկանելությունը, հայի տեակը: Դասախոսության վերջում արվեստաբանը շնորհակալություն հայտնեց Իսահակյան գրադարանի տնօրինությանը՝ նման ուսանելի միջոցառում կազմակերպելու համար և հյուրերին, մասնավորապես, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողներին, հրավիրեց ՀՀ Ազգային պատկերասրահ՝ դիտելու վերոհիշյալ հեղինակների կտավները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են