«Հայրենյաց նվիրյալները» մատենաշարի շնորհանդեսը


    Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Հայրենյաց նվիրյալները» մատենաշարի շնորհանդեսը, որն ավելի շատ հուշ-ցերեկույթ էր` նվիրված Արցախյան գոյամարտում անմահացած մեր տղաներին։ Մեկ տարի առաջ,երբ արդեն լռել էին քառասունչորսօրյա պատերազմի որոտները և ցավը,թեկուզ որպես չսպիացող վերք, այնուհանդերձ փոքր ինչ մեղմվել էր,«Հայաստան» պարբերականի խմբագրությունում հանգամանալից քննարկումից հետո սկիզբ դրվեց ինքնատիպ մի մատենաշարի՝ « Հայրենյաց քսանամյա նվիրյալները» խորագրով։Ինչպես նախատեսվել էր ի սկզբանե,մատենաշարի յուրաքանչյուր պրակ նվիրված է Արցախյան գոյամարտում անմահացած հայրենյաց նվիրյալ մեկ զինվորի։ Մեկ տարվա ընթացքում լույս է տեսել հինգ գիրք` յուրաքանչյուրը հարյուր էջ ծավալով,միանման արտաքին ձևավորմամբ։ Առաջին գիրքը նվիրված է Արմավիրի մարզի Արևիկ համայնքից ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանին, երկրորդը` նույն մարզի Էջմիածին համայնքի Զվարթնոց թաղամասի բնակիչ Նիկոլայ Օսեպյանին /երկուսն էլ անմահացել են 2016_ին/:Մյուս երեք գրքերը նվիրված են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի բնակիչներ, 2020թ. քառասունչորսօրյայում անմահացած Հակոբ Հարությունյանին, Վիգեն Եղիազարյանին և Ռաֆայել Խեքոյանին։ Մատենաշարի շնորհանդեսին և հուշ ցերեկույթին մասնակցում էին անմահացած տղաների ծնողներն ու ընտանիքի անդամները,իրենց դասավանդած ուսուցիչներ ու կրտսեր տարիքի դպրոցականներ,մեր օրերի ճանաչված մտավորականներ և գիտնականներ։ Գրադարանը հավուր պատշաճի էր պատրաստվել շատ հուզիչ միջոցառմանը, յուրաքանչյուրին նվիրված համակարգչային տեսահաղորդում պատրաստել։Միջոցառումը վարում էր դերասանուհի,ասմունքող Գայանե Սամվելյանը։ Ներկաներին ողջունեցին գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը,հայրենյաց նվիրյալ տղաների մասին «Հայրեր և որդիներ» ծավալուն գրքի հեղինակ,մատենաշարի հիմնադիր, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը։ Հուզիչ ու գնահատանքի շատ խոսքեր հնչեցին միջոցառման ընթացքում: Անմահացած տղաների մասին սրտի խոսք ասաց և իր նվագով ներկաներին պարզապես հիացրեց միջազգային մրցույթների դափնեկիր,աշխարհի շուրջ 155 երկիր ներկայացնող 4000 մասնակիցների մեջ միակ հայուհի և գլխավոր`«Գրան պրի» մրցանակին արժանացած քանոնահարուհի՝ Մարիաննա Գևորգյանը: Գնահատանքի խոսք ասացին նաև Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս,բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանն ու արձակագիր Վահան Սաղաթելյանը։ Գրող, երգահան,երգիչ Արսեն Համբարյանի կատարմամբ հնչեցին «Ներիր անգին մայր» և «Գարունդ հայերեն է գալիս» երգերը։ Իր աշակերտների և դպրոցում իրենց երեք սաների հիշատակի պահպանման ուղղությամբ արվող աշխատանքների մասին պատմեց Սարուխանի թիվ 3 դպրոցի տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանը։ Հուշ ցերեկույթին ներկա էին նաև Հայբիզնեսբանկի ներկայացուցիչներ Գրիշա Բադալյանը և Հասմիկ Հովակիմյանը,ովքեր բանկի ղեկավարության կողմից նվերներ հանձնեցին տղաների ընտանիքներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են