<<Ճանաչենք մեր Հայրենիքը>> էլ. խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը


    Մարտի 11-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ի դահլիճում` <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր Հայրենիքը – Հայկ Նահապետից մինչև Արցախ >> էլեկտրոնային խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին Շենգավիթ համայնքի թիվ 32 գրադարանի <<Իմպրովիզ>>, տեխնիկական գրականության բաժնի <<Անմոռուկ>>, Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Մեսրոպ Մաշտոց>> և թիվ 28 գրադարան մասնաճյուղի <<Ուրարտու>> թիմերը: Հանձնախմբի նախագահը Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն էր, անդամները՝ բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Խաղ-մրցույթը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Երեխաները պատասխանեցին հայոց պատմությանը, գրականությանը և մշակույթին առնչվող հարցերին: Խաղն ընթանում էր անզիջում և հետաքրքիր պայքարում, որի ավարտին հաղթող ճանաչվեց Շենգավիթ համայնքի թիվ 32 գրադարանի <<Իմպրովիզ>> թիմը: Քանի որ խաղն անցկացվում էր <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում ՝ մինչ պարգևատրման արարողությունը սկսելը, երեխաները դիտեցին <<Ֆրանց Վերֆել. Մուսա Լեռան 40 օր>> վավերագրական ֆիլմը: <<Իմպրովիզ>> թիմը ստացավ պատվոգիր, իսկ թիմի մասնակիցներից յուրաքանչյուրը նվեր ստացավ Վերժինե Սվազլյանի <<Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ>> գիրքը և հայ դասական գրողների ստեղծագործությունների ժողովածուն : Մյուս թիմերը ստացան հավաստագրեր՝ մասնակցության համար: Վերջում թիվ 32 գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ավ.Իսահակյանի գրադարանի տնօրինությանը՝ նման հետաքրքիր խաղ կազմակերպելու համար, իսկ մասնակիցներին շնորհավորելով՝ նշեց, որ այս խաղում չկան հաղթողներ և պարտվողներ: Երեխաները հասկացան թիմային խաղի կարևորությունը, վերհիշեցին հայոց պատմության, մշակույթի կարևոր իրադարձությունները և վերազինվեցին նոր գիտելիքներով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են