Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, Մանկական գրականության սպասարկման բաժնի նախաձեռնությամբ, կազմակերպվեց զրույց-քննարկում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, «Արտիստը» ներկայացման մեջ արտիստի գլխավոր դերակատար Վյաչեսլավ Հայրապետյանի հետ։
Միջոցառմանը մասնակցեցին Իսահակյան գրադարանի ընթերցողներ, Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ութերորդ դասարանցիները` դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիետա Ավետիքյան-Խորասանյանի ուղեկցությամբ։
Զրույց-քննարկման առարկան Ալ. Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքն էր։
Միջոցառումն անցավ գործուն մթնոլորտում։ Պատանի ընթերցողները գրքից հատվածներ ընթերցեցին, ապա հետաքրքիր հարցեր առաջադրեցին դերասան Վյաչեսլավ Հայրապետյանին պամվածքի գլխավոր հերոս Լևոնի կերպարի, նրա դրամատիկ զգացմունքների և մտածումների մասին։
Զրույց-քննարկման ընթացքում արծարծվեցին բազմաթիվ հարցեր սիրո, դավաճանության, կյանքի նպատակների, մասնագիտական կողմնորոշման, ծնող-զավակ միջանձնային հարաբերությունների, ընդհանրապես անհատի կայացման հոգեբանական և կամային որակների վերաբերյալ։ Վյաչեսլավ Հայրապետյանի անմիջական ուղերձները և պատանի ընթերցողների համարձակ դիտարկումները նպաստեցին գրքի և բարձր արժեքների հանդեպ հետաքրքրության զարգացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են