Ավետիք Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, վաստակաշատ մանկավարժ Ջուլիետա Ասատրյանի հետ հանդիպում,ինչպես նաև՝ նրա «Տարոնական ոգու կանչ» գրքի շնորհանդեսը։ Ողջույնի, բարձր գնահատության և հոգեբուխ շնորհավորանքի խոսք ասաց Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Տնօրենն իր ելույթում ընդգծեց Ջուլիետա Ասատրյան մարդու, գրողի, մանկավարժի, հայուհու գրական, քաղաքացիական, կրթադաստիարակչական վաստակի մեծ դերը, ինչպես նաև կյանքում, գրականության մեջ ազգային պատմամշակութային և համամարդկային արժեքների նրա նպատակային շեշտադրումների հույժ արդիականությունը մեր բարդ ժամանակներում։
Ջուլիետա Ասատրյանի մարդկային բարձր, հարուստ կերպարի, մանկավարժական նվիրումի ու վարպետության, գրողական ձիրքի մասին սրտաբուխ խոսք ասացին գրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան Ժաննա Ղոչիկյանը, գրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծուհի Վարդ Արծափեն, Բյուրեղավանի արվեստի դպրոցի փոխտնօրեն Սիլվա Մուկոյանը, Բյուրեղավանի հիմնական դպրոցի փոխտնօրեն Թեհմինե Հայրապետյանը, բանաստեղծ, ,,Տաճար,, հանդեսի, ,,Տիր,, և ,,Վերնատուն,, գրական ակումբների, ,,Գրական Կոտայք,, ալմանախի հիմնադիր Հովիկ Սարոյանը, գրքի նկարազարդող Հերմինե Խանգելդյանը։Ընթերցվեց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի շնորհավորական խոսքը, ներկայացվեց Բյուրեղավանի համայնքի ղեկավար, գրողի նախկին աշակերտ Հակոբ Բալասյանի շնորհավորանքը։
Դերասանուհի Գայանե Սամվելյանը բարձր արվեստով հատվածներ ներկայացրեց Ջուլիետա Ասատրյանի արձակ և չափածո ստեղծագործություններից։
«Ագապէ» երգչախմբի /ղեկ․՝ հեղինակի դուստր Մարիա Գալստյան, մեներգիչ՝ գրողի աշակերտ Ազատ Հովհաննիսյան/, Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, Ջուլիետա Ասատրյանի սան Անդրանիկ Մալխասյանի, Ռուբեն Իշխանյանի կողմից հայկական սիրված երգերի բարձրարվեստ և հոգեբուխ կատարումները գրական մթնոլորտը հարստացրին հոգեպարար մեղեդիների թրթիռներով ու թովչանքով։
Ջուլիետա Ասատրյանը հանդես եկավ իր ստեղծագործությունների ընթերցումներով, ասմունքով, սրտագին հուշերով և երախտագիտական ջերմ խոսքով։
Հանդիսությունը վարեց և հետաքրքիր հուշեր ներկայացրեց Ժաննա Ղոչիկյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են