Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված բանաստեղծ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանի ծննդյան 60-ամյակին։
Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը գրադարանի աշխատակազմի շնորհավորական ուղերձը հղեց Նոնա Պողոսյանին։ Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասացին բանաստեղծ, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, գրականագետ Սուրեն Դանիելյանը, գրող, բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, Ն․ Պողոսյանի պոեզիայի երկրպագու Վահե Քոթանյանը։ Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Նոնա Պողոսյանի պոեզիան և քաղաքացիական կերպարը՝ շեշտելով, որ նա ժամանակակից հայ քնարերգության մեջ ունի իր ազնիվ ասելիքը, հուզազգայական ինքնատիպ գունաշխարհը և գեղարվեստական պատկերների ստեղծման համակարգը։ Կյանքի և մահվան, անհատի և ժամանակի հարաբերակցության փիլիսոփայական իմաստավորման մեջ բանաստեղծուհին մնում է հաղթանակի ոչ միայն համոզված Հավատավորը, այլև անձնվեր և խրոխտ մարտիկը։ Երգերի ջերմ կատարումներով հանդես եկավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը։ Հանդիսությունը վարեց և հեղինակի պոեզիայից նմուշներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Նոնա Պողոսյանը հոգեբուխ թրթիռներով ներկայացրեց պատառիկներ իր հայրենասիրական պոեզիայից։ Նա միջոցառումն ամփոփեց երախտագիտության խորունկ խոսքով, որի լավատեսական ուղերձն էր․
Թեև «Պատերազմը ոչ միայն մեր զինվորներին, այլև հենց մեզ չվերադարձրեց տուն», բայց մենք պիտի իրագործենք Ապրելու սխրանքը․․․

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են