Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Շարմաղ Հարությունյանի «Աշխարհը այս» և «Լույսի լռություն» գրքերի շնորհանդեսը։
Գնահատանքի և շնորհավորանքի ջերմ խոսքով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանախոս Արմեն Ավետիսյանը, Զորաքարի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Մաքսուդյանը, «Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը, Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Պետրոսյանը, «Գեղամա աշխարհ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, գրող Աելիտա Հովսեփյանը, «Բրեվիս» սոցիոլոգիական հետազոտության ընկերության հանրային կարծիքի հետազոտող, Շ․ Հարությունյանի աշակերտուհի Գոհար Աբրոյանը և այլք։ Նրանք մանրամասն անդրադարձան ներկայացված ժողովածուների բովանդակային և փիլիսոփայական առանձնահատկություններին։ Ելույթ ունեցողները շեշտեցին ժամանակի և մարդու, վսեմի և նսեմի, ճշմարտի և կեղծիքի գոյակցության ու առեղծվածի ինքնատիպ քննումները Շարմաղ Հարությունյանի կողմից։
Ցուցադրված տեսանյութերը, հնչած երգային-երաժշտական նմուշները՝ թիֆլիսահայ երգչուհի Աննա Օգանեսյանի, դաշնակահարուհի Եփրաքսյա Գասպարյանի կատարմամբ, Լիլիթ Պետրոսյանի ընթերցումները յուրովի ամբողջացրին Շարմաղ Հարությունյանի բանաստեղծական աշխարհի նկարագիրը։
Նշվեց, որ Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության անդամ Անդրեյ Ռամասյուկովի ներշնչմամբ՝ գրքի նկարազարդումը, հիրավի, հետաքրքրական իմաստավորում է հաղորդում բանաստեղծուհու ստեղծագործական գունաշխարհին։
Բանաստեղծուհին իր երախտագիտության խոսքը հղեց Իսահակյան գրադարանի ղեկավարությանը, աշխատակազմին, բոլոր աջակիցներին և մասնակիցներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են