Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ֆիզիկոս, մանկավարժ, լրագրող Նորայր Խրիմյանի «Արարատի ստորոտին և անդին» գրքի շնորհանդեսը։


    Միջոցառումը բացեց, վարեց և գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Նորայր Խրիմյանը ներկայացրեց դրվագներ ինքնակենսագրական հենքի վրա հուշագրությունների և հուշապատումների այս ժողովածուի ստեղծման պատմությունից։ Նա հետաքրքիր տեսաշարով մեկնաբանեց գրքի բովանդակային և նպատակային ուղերձները, տվյալ ժամանակահատվածի երևանյան իրականության կրթական, դաստիարակչական և կենցաղային իրողությունների համայնապատկերը։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, պատմագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Հարությունյանը, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Վան Արյանը, Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարյանը, հեղինակի դուստր, մանկական երգերի հեղինակ Հռիփսիմե Խրիմյանը և այլք։
Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Նորայր Խրիմյանի «Արարատի ստորոտին և անդին» գրքի բովանդակային, կրթադաստիարակչական և խոհափիլիսոփայական արժեքը։
Մթնոլորտն առավել ջերմացավ Հռիփսիմե Խրիմյանի սաների երգային կատարումներով։
Նորայր Խրիմյանն իր գիրքը սիրով նվիրեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին։ Միջոցառման ավարտին նա շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ողջ աշխատակազմին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ տիկին Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են