«Իրանական ժամանակակից գրականության օրեր»


    Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Իրանական ժամանակակից գրականության օրեր» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառումը ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալության խոսքով բացեց և վարեց Ավ. Իսահակյանի անվանԿենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա իր խոսքում խոր անդրադարձ կատարեց հայ-իրանական բարեկամության, երկու ժողովուրդների գրական-թարգմանական-մշակութային գործակցության հույժ կարևոր իրողություններին, որոնք մեծ նշանակություն ունեն նաև աշխարհաքաղաքական դարակազմիկ զարգացումների գործընթացներում։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանը, գրքի թարգմանիչ, բ․գ․թ․Գառնիկ Գևորգյանը բարձր գնահատեցին սույն ինքնատիպ գրքի ծնունդը․ այն մեկ անգամ ևս փաստում է մշակութաստեղծ պարսիկ և հայ ժողովուրդների բարիդրացիական հարևանության, մշակութային, թարգմանական, գիտական արարումների փոխճանաչման պատմաքաղաքական արժեքավոր գործակցությունը սերունդների պատմական ճանապարհին։ Այս գիրքն իր գրական-պատմաքաղաքական ընդգրկմամբ նաև հուսալի երակ է համաշխարհային քաղաքակրթությանը հաղորդակից լինելու կենսական իրողության մեջ։ Ելույթ ունեցողները շեշտեցին գրքի մշակութային, մեթոդաբանական ինքնատիպությունը և գրականագիտական, գիտական բացառիկ արժեքը, ինչի շնորհիվ էլ, ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի Գիտական խորհրդի որոշմամբ, այն հաստատվել է որպես բուհի դասագիրք ։
ԻԻՀ դեսպանության Մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը» գրքի քսան օրինակ նվիրեց գրադարանին։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր ամփոփիչ խոսքում խորին երախտագիտություն հայտնեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը, ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնին, գրքի թարգմանիչ Գառնիկ Գևորգյանին և առաջարկեց գրադարանի հետ համատեղ գործակցության հետաքրքիր և բովանդակալից նախագիծ, որն ընդունվեց մեծ ջերմությամբ։
Բոլոր կողմերը շնորհակալական փոխադարձ բարեմաղթություններ հղեցին և գործակցության նոր հնարավորությունների համոզմունք փոխանակեցին միմյանց։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են