Սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթիի «Կրակագույն պատմվածքներ» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթիի «Կրակագույն պատմվածքներ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ շեշտելով համաշխարհային գրականության դերը գրադարանավարների աշխարհայացքի շարունակական ընդլայնման գործընթացում։
Միջոցառման բանախոս, հայագետ, բանասեր, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն, գրքի հրատարակիչ Վահագն Սարգսյանը, թարգմանչուհի Անուշ Բալայանը, գրքի նկարազարդումների հեղինակ Անի Բալայանն իրենց խոսքում կարևորեցին գրքի ստեղծումը և անդրադարձան նրա պատմությանը, հայ-սերբական գրական-մշակութային կապերին, երկու ժողովուրդների պատմական ընդհանուր զուգահեռներին, գրքի բովանդակային կարևորագույն առանձնահատկություններին։
Դերասանուհի Գայանե Սամվելյանը նմուշներ ընթերցեց «Կրակագույն պատմվածքներ» գրքից։
Հնչեցին ասմունքային և երաժշտական ինքնաբուխ կատարումներ՝ «Կրակագույն պատմվածքներ» գրքի հեղինակ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթիի կիթառային նվագակցությամբ ։
Հատկապես հուզիչ էր Լուկա Յոկսիմովիչ Բարբաթիի <<Կռունկ>> երգի հայերեն կատարումը։
Միջոցառման ավարտին գրքի հեղինակն իր երախտագիտությունը հայտնեց գրքի խմբագրակազմին։ Նա արծարծեց հայ և սերբ ժողովուրդների մշակութային-պատմական բարեկամական առնչությունները և հույս հայտնեց ապագայում դրանց ավելի սերտացման և զարգացման վերաբերյալ։
Լուկա Յոկսիմովիչ Բարբաթիի խորին շնորհակալություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակազմին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են