Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում Գրադարանի օրվա առթիվ տեղի ունեցավ տոնական գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Տոնդ շնորհավոր, գրադարանավար» խորագրով։ Գրադարանի հյուրերն էին «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս ամերիկահայ Հովսեփ Նալբանդյանը։ Նրանք գրադարանին նվիրեցին արժեքավոր գրականության հավաքածուներ։ Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Նադյա Անտոնյանը։
Համերգային մասում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Արամազդ» թատերախումբը հանդես եկավ «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» թատերական ներկայացմամբ /գեղ․ ղեկ՝․ Արմեն Սիմոնյան/։
Հայ պոեզիայի գոհարներից նմուշներ ընթերցեցին ասմունքող Աիդա Ասատուրյանը, դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Երաժշտական հետաքրքիր կատարումներով հանդես եկավ «Շուշիկի բենդ» խումբը։
Գրադարանավարներին գրական-երաժշտական հետաքրքիր համադրությամբ ողջունեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի սաները։
Միջոցառման մասնակիցներին ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա տեղեկացրեց, որ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված մրցույթում «Երևանի Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը հաղթող է ճանաչվել «Լավագույն նորարար գրադարան» անվանակարգում։
Տիկին Կարապետյանը հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ-ի և Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների անունները: Այնուհետև Իսահակյան գրադարանի աշխատակիցներ՝ Արմենուհի Մեժունցը /Լ.Մոտալովայի անվան թիվ 33 գրադարանի 2-րդ կարգի գրադարանավար/, Անուշ Երվանդյանը /թիվ 36 գրադարանի 1-ին կարգի գրադարանավար/, Ժաննա Միրզոյանը /Սուրեն Վահունու անվան թիվ 28 գրադարանի առաջատար գրադարանավար/, Կարինե Մկրտչյանը / թիվ 36 գրադարանի առաջատար գրադարանավար/, Նաիրա Բեջանյանը /թիվ 27 գրադարանի վարիչ/, Լենա Սահակյանը /Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի 2-րդ կարգի գրադարանավար/, Կարինե Ղավալյանը /Կենտրոնական գրադարանի գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժնի ինժեներ/, Սուսաննա Քալանթարյանը /Կենտրոնական գրադարանի տեղեկատու-մատենագիտության բաժնի1-ին կարգի գրադարանավար/ երկարատև անբասիր աշխատանքի և գրադարանային գործում ունեցած վաստակի համար արժանացան պատվոգրերի:
Գրադարանի դահլիճում ցուցադրվում էին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Լյուդմիլա Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ-ի գրադարանավար Կարինե Եղոյանի, գրադարանի գլխավոր հաշվապահ Արփիկ Հարությունյանի, Տեղեկատու մատենագիտական բաժնի գրադարանավար Սուսաննա Քալանթարյանի, Համալրման և մշակման բաժնի գրադարանավար Սուսաննա Սահակյանի ձեռքի աշխատանքները: Ողջ օրվա ընթացքում գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին ֆիլմեր և իրականացվեց «Նվիրում է գրադարանը» ծրագիրը, որի ժամանակ ընթերցողներին նվիրվեցին գրքեր:
Միջոցառումն ընթացավ տոնական բարձր ու ոգեշունչ տրամադրությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են