Ծերուն Թադևոսյանի գրքերի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ծերուն Թադևոսյանի «Ֆեյսբուքյան խճանկար» և «Խաչկարի պատմավիպասանության գործոնը ,որպես հայ ժամանակակից ազգային գեղարվեստական պատմագրության արտահայտման միջոց» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառումը բացեց, վարեց և բանաստեղծական նմուշներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Ծերուն Թադևոսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց գրքի անհրաժեշտության և ստեղծման պատմությունը, ինչպես նաև Խաչկարի՝ Կարեն Խաչատրյանի հայրենասիրական կերպարն ու գործը։ Գիրքն ամփոփում է սփյուռքահայ տարբեր համայնքներում գործող հայ մշակութային գործիչների բեղուն գործունեությունը։
Գիրքն ունի ճանաչողական և խրախուսական բարձր արժեք։
Ելույթ ունեցող բոլոր մտավորականները՝ Գուսան Հայկազունը, Անահիտ Ներսիսյանը, Շմավոն Շմավոնյանը, Գյուլնարա Իվանյանը, Նարինե Բալասբեկյանը, Հասմիկ Աջամյանը, Վրեժ Սարուխանյանը, շնորհավորանքի խոսք ասացին և բարձր գնահատեցին Ծերուն Թադևոսյանի ազգանվեր գործունեությունը։
Կրկին շեշտադրվեց մշակույթի կարևորագույն դերակատարությունը ազգապահպանության ոլորտում՝ հավաստելով մեր Մեծաց ուղերձով.«Ձեռս գնա դառնա ի հող, Գիրս մնա հիշատակող»։
Հնչեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ, հոգեբուխ երգեր, որոնք ջերմացրին մթնոլորտը, սփոփանքի և հուսադրումի շեշտեր հաղորդեցին հանդիսատեսին՝ կոչնակելով, որ հայի ժամանակավոր պարտություն-անկումը «Անկում է Թռիչքից առաջ»։ Բանախոսը, բոլոր ելույթ ունեցողները խորին երախտագիտություն հայտնեցին Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին՝ նշելով, որ հայ հասարակայնության համար, ինչպես նաև Հայրենիք-սփյուռք հոգևոր-մշակութային գործակցության ոլորտում այս գրադարանը եղել և մնում է Ոգու և Լույսի հայրենաշունչ տաճար, Ոգեղենության ջերմ օջախ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են