…Մենք աշխարհը պիտի տեսնենք իրատեսորե՛ն՝ ինչպիսին որ կա… ո՛չ թե հուզազգայորեն՝ ինչպիսին որ մենք կուզենա՛նք լինի…
Տիգրան Եկավյան
Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ լրագրող, անկախ հետազոտող, արաբագետ Տիգրան Եկավյանի «ԱՐԵՎԵԼՔԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՈՌԱՑՎԱԾՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը։
Հանդիսությունը վարեց և գրքի մասին բարձր գնահատանքի խոսք ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը։ Նա նշեց, որ գիրքը գիտական հիմնավոր հետազոտություն է Մերձավոր Արևելքի բնիկներ քրիստոնյաների, եզդիների խնդիրների և դրանց նկատմամբ Արևմուտքի անտարբերության մասին, ինչպես նաև մտահոգություն և ահազանգ է արևմտյան քաղաքակրթության վախճանի վերաբերյալ։
Բանախոս, պատմական գիտությունների թեկնածու Արաքս Փաշայանը, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, իրանագետ, արևելագետ, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանը և Արծվի Բախչինյանը խոր վերլուծական և փաստավավերագրական անդրադարձներով գիրքն իր պատմագիտական, քաղաքագիտական առանձնահատկություններով
որակեցին որպես եզակի և բացառիկ, բարձրարժեք և հույժ արդիական երևույթ ՝ շեշտելով առաջիկայում նրա բազմալեզու թարգմանության հրատապությունը։
<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ>>-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շնորհավորանքի և բարձր գնահատանքի իր խոսքում շեշտեց գրքի անժխտելի դերակատարությունը գրադարանի բազմահազար ընթերցող երիտասարդների և ընդհանրապես հայ սերունդների ազգային գիտակցության զորացման և ճշմարիտ քաղաքացիական վարքագծի ձևավորման գործընթացում։ Տիկին Կարապետյանը ներկայացրեց իր խորին համոզմունքն այն մասին, որ գիրքը, հիրավի, կօգնի առավել սթափորեն քննելու մեր ազգային պատմական գոյընթացը, մեր բացթողումները և առաքինությունները, կօգնի ավելի իմաստուն կազմակերպելու մեր հավաքական ինքնաքննությունը։ Նա հայտնեց գրքի հրատապ հանրայնացման իր ջերմ պատրաստակամությունը։
Տիգրան Եկավյանն ամփոփեց հանդիպումը։ Նա հատկապես կարևորեց Համայն Հայոց Պետականության պահպանության, պաշտպանության գործում յուրաքանչյուր հայի նվիրումը և առաքելությունը՝ առանձնապես շեշտելով ավելի իրատեսական, ոչ ռոմանտիկական ազգային աշխարհայացքի զարգացման անհրաժեշտությունը։
Տիգրան Եկավյանն իր երախտագիտության խոսքը հղեց խմբագրական աշխատակազմին, գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին, բոլոր աջակիցներին և մասնակիցներին ։ Այո, գիրքը սթափությամբ զորանալու յուրատիպ ուղերձ է նաև մեզ՝ հայերիս…Մտածելու առիթներ ունենք…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են