Հանդիսություն «Հայ-լիտվական գրական կապեր» խորագրով


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը Իսահակյան գրադարանի դահլիճում կազմակերպեցին «Հայ-լիտվական գրական կապեր» խորագրով հանդիսություն։
Միջոցառումը բացեց և հայ-լիտվական պատմական, գրական-մշակութային կապերի վերաբերյալ ջերմ գնահատանքի խոսք ասաց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ»-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով երկու ժողովուրդների բարեկամության հարատևման վերաբերյալ։ Տիկին Կարապետյանը երախտագիտություն հայտնեց Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Երևանի փոխքաղաքապետ տիկին Գայանե Մելքոմ Մելքոմյանին այս կարևոր միջոցառմանն իրենց մեծահարգ մասնակցության համար։ Նա առանձնակի շեշտեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի մեծ ներդրումը հայ-լիտվական գրական կապերի ամրապնդման գործում և իր խորին երախտագիտությունը հայտնեց գրադարանի հետ բազմամյա բեղուն գործակցության համար։
Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր խոսքում բարձր գնահատեց հայ և լիտվացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, միջպետական կապերի արդյունավետությունը և շնորհակալություն հայտնեց ջերմ ու գեղեցիկ միջոցառման համար։
Գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի» նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց հայ-լիտվական գրական-մշակութային գործակցության պատմությունը՝ համոզմունք հայտնելով երկու ժողովուրդների բարեկամության խորացման վերաբերյալ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը կարևորեցին հայ-լիտվական գրական-մշակութային պատմական և արդի գործակցությունը և դրա առավել ընդլայնումը։ Լիտվական գրականությունից բանաստեղծական նմուշներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը, ասմունքող Աիդա Ասատուրյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը և Հռիփսիմե Մարդոյանը։
Գրադարանի ընթերցողները և հյուրերը մեծ հաճույքով վայելեցին «Վիլնյուս» տեսանյութը և լիտվական գրականության ցուցահանդեսը։
Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են