Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրադարանի աշխատակից Կարեն Մկրտչյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրության բացումը:
Հանդիսությունը շնորհավորանքի և գնահատանքի ջերմ խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա կարևորեց հայ մշակույթը աշխարհին ներկայացնելու գործում կիրառական արվեստի նշանակալի դերը, միաժամանակ շեշտեց միջոցառման բովանդակային առանձնահատկությունը, ինչպես նաև գրադարանի տաղանդավոր աշխատակիցների ստեղծագործությունները պարբերաբար հանրահռչակելու ծրագրերի նպատակայնությունը։
Կարեն Մկրտչյանի գործի մասին մասնագիտական բարձր կարծիք հայտնեցին արվեստագետ, խեցեգործ, քանդակագործ Ռուբեն Երևանցին, քանդակագործ, գեղանկարիչ, կոլաժիստ Գևորգ Մշեցին և խեցեգործ, նկարիչ Արմեն Զաքարյանը։
Միջոցառման մթնոլորտը հայկական ժողովրդական, ծիսական պարերի գեղեցիկ կատարումներով ջերմացրին «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի մասնակիցներ ՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Սիրոն» և «Նոր սերունդ» թատերախմբերը /գեղ. ղեկ. ՝ Արշակ Ղազարյան/, Արագածոտնի մարզի «Տաթև» պարային համույթի /գեղ.ղեկավարներ՝ Տաթև Ավագյան և Լաուրա Միքայելյան, պարուսույց՝ Մարիամ Քոչարյան/ և Սաղմոսավան և Կարբի համայնքների պատանի պարողները։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Մկրտչյանը։
Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են