Ռազմիկ Գևորգյանի հետմահու տպագրված «Մտքումս ՝ պայքար, սրտումս՝ հայրենիք» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ տնտեսագետ Ռազմիկ Գևորգյանի հետմահու տպագրված «Մտքումս ՝ պայքար, սրտումս՝ հայրենիք» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Բանախոս, արձակագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանը և գրող, պատմաբան, նախիջևանագետ Արգամ Այվազյանը հետաքրքիր հուշեր ներկայացրին Ռազմիկ Գևորգյան մարդու և քաղաքացու մասին՝ շեշտելով «Մտքումս ՝ պայքար, սրտումս՝ հայրենիք» գրքի հրապարակախոսական, փիլիսոփայական, փաստավավերագրական արժեքը և առանձնահատկությունները։ Ռազմիկ Գևորգյանի հայրենասիրության, պետականապաշտության, մարդասիրության բարձր առաքինությունների մասին հոգեբուխ խոսք ասացին գրողի եղբայր Գոռ Համբարձումյանը և դուստրերը՝ Տաթևիկ և Թագուհի Գևորգյանները։ Նրանք մեծ հպարտությամբ կարևորեցին Ռազմիկ Գևորգյանի բարձր բարոյականության կոթողային կերպարը։
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադաանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր հուզիչ ելույթում առանձնապես բարձր գնահատեց մեր ազգային անվտանգ գոյընթացի վերաբերյալ Ռազմիկ Գևորգյանի շրջահայաց հեռատեսությունը և ազգապահպան փիլիսոփայությունը, որոնցով գրողը սթափություն էր կոչնակում, այն է՝ անցյալի դառը դասերը վերլուծել և ճիշտ ու անվրեպ կառուցել ազգի ապահով ապագան։
Գրքից հետաքրքիր դրվագներ ներկայացրին դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը։
Շնորհանդեսը պայծառ հուշապատում էր և ազգային, համամարդկային բարձր արժեքների յուրատիպ ձոներգ։
Ելույթ ունեցողները խորին երախտագիտություն հայտնեցին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադաանի ողջ աշխատակազմին, գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին, բոլոր կազմակերպիչներին և գրքի խմբագրական անձնակազմին։
Գրադարանի ընթերցողները և հյուրերը մեծ հետաքրքրությամբ վայելեցին գրքի բովանդակության, ինչպես նաև ներկայացված տեսանյութային և պատումային դրվագները։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են