Վարդգես Դավթյանի և Անի Փաշայանի «Առնետի դարի մայրամուտը» գրքի շնորհանդես


    Հունիսի 24-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Վարդգես Դավթյանի և Անի Փաշայանի «Առնետի դարի մայրամուտը» գրքի շնորհանդես-վաճառքը՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Նալբանդյանի պայծառ հիշատակին: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ, Հայ֊-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Անի Փաշայանը: Գրող-հոգեբույժը և գրականագետ-գրաքննադատը զրուցում են գրականության, գրողի՝ մարդու և մտավորականի կերպարի և բնավորության առանձնահատկությունների, գրական երկերի հոգեբանական առանցքների շուրջ: Գիրքը նախատեսված է հոգեբույժների, հոգեբանների, գրականագետների, ուսուցիչների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար: Հեղինակների նախաձեռնությամբ գրքի վաճառքից առաջացած ողջ հասույթը տրամադրվելու է հերոս Բենիամին Նալբանդյանի ընտանիքին: Ելույթներով հանդես եկան բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ Ռոլանդ Ավետիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, ժուռնալիստ Գոհար Առաքելյանը, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ Անուշ Բաբայանը, հերոսի ուսանողական և մարտական ընկերներն ու հայրը: Ներկաներն ունկնդրեցին հատվածներ «Առնետի դարի մայրամուտը»-ից՝ Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Ցերեկույթն ամփոփվեց անմահացած Բենիամին Նալբանդյանին նվիրված տեսանյութով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են