Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հետ համատեղ կազմակերպվեց «Սպենդիարյան և հայ կոմպոզիտորներ» խորագրով դասական երաժշտության համերգ՝ նվիրված Ալ. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին:
Համերգը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց գրադարանի աշխատակցուհի, բ․գ․թ․ Նադյա Մարտիրոսյան-Անտոնյանը՝ շեշտադրելով Ալ․Սպենդիարյանի երաժշտարվեստի ազգային և համամարդկային ընդգրկումները, որոնք էլ ապահովեցին Սպենդիարյանի տեղը համաշխարհային երաժշտարվեստի երկնակամարում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանական պատվանունների ցանկում։
Համերգի ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի շնորհաշատ սաները և նրանց նվիրյալ ուսուցիչները ներկայացրին նմուշներ Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Խաչատրյանի, Չտչյանի, Նաղդյանի, Աբրահամյանի, Չաուշյանի երաժշտական գոհարներից։
Մթնոլորտն առլեցուն էր հայոց հավաքական հանճարալույսի ոգեղեն թրթիռներով, ջերմ լույսով և կենարար հույսով։
Սպենդիարյանական բարձր երաժշտարվեստի հանրահռչակման հոբելյանական հերթայան ծրագիրը ծառայեց իր նպատակին։
Միջոցառման ավարտին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ղեկավարության և ողջ աշխատակազմի անունից Նադյա Մարտիրոսյան-Անտոնյանը արդյունավետ գործակցության համար շնորհակալության խոսք հղեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ղեկավարությանը, աշակերտական, ուսուցչական, ծնողական համակազմին և համոզմունք հայտնեց ծրագրային հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են