Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը կազմակերպեցին «Նանսենը հայերերեն» թեմայով հանդիսություն՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 160-ամյակին:
Միջոցառումը բացեց և ողջույնի ու երախտագիտության խոսք ասաց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Տիկին Կարապետյանը շեշտեց նորվեգացի բևեռախույզ, գիտնական, գրող, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայերի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի փոխադարձ բացառիկ սերը և երախտագիտությունը մեծ մարդասերի հանդեպ։
Գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի <<Ֆրիտյոֆ Նանսեն>> հիմնադրամի նախագահ, <<Ֆրիտյոֆ Նանսեն>> թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը մանրամասնորեն անդրադարձավ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հարուստ կենսագրության՝ համամարդկային արժեք ներկայացնող խոսուն փաստերին ։ Բանախոսը մասնավորապես կարևորեց Ֆրիտյոֆ Նանսենի նկատմամբ Հայաստանի, հայ ժողովրդի բացառիկ երախտագիտությունը, Հայաստանում Նանսենի գիտական, գրական-մշակութային ժառանգության լայնածավալ հանրահռչակման պատմությունը։
Ֆրիտյոֆ Նանսենի մասին բարձր գնահատության խոսք ասացին հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, բանաստեղծ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Անդրեասյանը։
Հանդիսատեսը հետաքրքրությամբ դիտեց մեծն Նանսենի մասին փաստավավերագրական ֆիլմը։
Ասմունքողներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը ներկայացրին դրվագներ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական փիլիսոփայության և գործունեության պատումներից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են