«Կոմիտասն ազգային խոշոր երևույթ է։ Կոմիտասն իմ ուսուցիչն է։»
Ալ․ Սպենդիարյան
Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը փիլիսոփայական, բարոյական, գեղարվեստական այս աննահանջ դավանանքով ընդլայնեց հայոց ազգային երաժշտության շրջանակները և դարձավ հայ սիմֆոնիկ երաժշտության մեծանուն հիմնադիրներից մեկը։ Նրա երաժշտական համբավը հաստատուն տեղ զբաղեցրեց նաև եվրոպական և ռուսական մշակութային ծիրերում։
Կրկին հիշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում ներառել է մեծն Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը շարունակում է իրականացնել մեծահամբավ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրային բազմաբնույթ միջոցառումներ։
Այս անգամ Իսահակյան գրադարանում կազմակերպվեց «Ալմաստ» օպերայի դիտում և դասախոսություն։
Միջոցառումը բացեց գրադարանի աշխատակից, բ․գ․թ․ Նադյա Անտոնյանը՝ անդրադառնալով մշակութային Սպենդիարյան փառահեղ երևույթին և նրա բացառիկ հայրենասիրական նվիրումին։
Դասախոսությունը վարեց արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Թամար Հովհաննիսյանը:
Տիկին Հովհաննիսյանը մասնագիտական պատասխանատվությամբ և խորությամբ հյուրերին, գրադարանի աշխատակիցներին և ընթերցողներին ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյան արվեստագետի ժառանգության բացառիկ արժեքը, ինչպես նաև կենսագրական ինքնատիպ մասունք-դրվագներ։ Հանդիսատեսը հաճույքով դիտեց «Ալմաստ» օպերայի տեսագրությունը։
Իսահակյան գրադարանի ջերմ կամարների ներքո Ալ․ Սպենդիարյանի հոգևոր ներկայությունն ապրելու, արարելու հույս և հզորանալու լույս ներարկեց ունկնդիրներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են