Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ներսես Խառատյանի «Հին օրերի կանչը» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը բացեց և գրողի ստեղծագործություններից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Շնորհանդեսը վարեց բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի գլխավոր խմբագիր Արթուր Անդրանիկյանը։
Ելույթ ունեցան և Ներսես Խառատյանին շնորհավորեցին բանաստեղծ Սամվել Կոսյանը, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բ.գ. թ. Վահագն Սարգսյանը, արձակագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանը,պատմաբան Արմեն Կարապետյանը։ Բանախոսները խորին վերլուծությամբ ամրագրեցին Ներսես Խառատյանի մարդկային վառ կերպարը և նրա գրականության, մասնավորապես «Հին օրերի կանչը» գրքի նորաշունչ ինքնատիպությունը։ Հատկապես շեշտադրվեց այն իրողությունը, որ գրող Ներսես Խառատյանը ժամանակակից հայ գրականություն է բերում ճշմարիտ, թարմ գրական արվեստ։ Նա՝ որպես հոգևոր հայրենիքի ազնիվ զինվոր, իր գրականությամբ հավատարմորեն պահպանում և պաշտպանում է մեր հոգևար հայրենիքը։
Ասմունքող Աիդա Ասատուրյանի կողմից Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» պատմվածքի բարձրարվեստ ընթերցումն առանձնակի խոհականություն հաղորդեց միջոցառմանը։
«Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»ՀԿ –ի կողմից «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ հանձնվեց Ներսես Խառատյանին։
Միջոցառման ավարտին Ներսես Խառատյանը շնորհակալություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և շնորհանդեսի բոլոր կազմակերպիչներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են