Հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանի հետ


    Ապրիլի 30-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանի հետ: Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին բանաստեղծի նոր գործերը, ինչպես նաև սերբական ժամանակակից պոեզիայից նրա կատարած բնագրային թարգմանությունները՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի և հեղինակի ընթերցմամբ: Հնչեցին Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունների հիման վրա՝ հրաշալի երգահան և դաշնակահարուհի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի գրած երգերը, որոնք հեղինակի նվագակցությամբ կատարեցին միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակակիր Անդրանիկ Մալխասյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ջազ-փոփ» երաժշտական ամբիոնի դոցենտ, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս, Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դասատու, Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Լուսինե Կչոզյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի Աննա Պողոսյանը: Ցերեկույթի վերջում, ավանդույթի համաձայն, Բաբկեն Սիմոնյանը կարդաց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության իր սերբերեն թարգմանությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են