Ավ. Իսահակյանի անվ. ԿԳ-ի և ՀՀ ՊԿԱ-ի համագործակցության մասին


    2015 թ-ի մարտի 3-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժինը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ակադեմիայում փոքրիկ ամերիկյան անկյուն ստեղծելու վերաբերյալ: Համագործակցության նպատակն է ակադեմիային ժամանակավոր տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ (գրքեր, ամսագրեր, տեսալսողական նյութեր և այլն)։ ԵԱԱ-ն նպատակ ունի աջակցել ու ուսանողների անգլերեն լեզվի զարգացմանը։ Ակադեմիան էլ իր հերթին կնպաստի ամերիկյան մշակույթի տարածմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի Ամերիկյան անկյան գործունեության մասին։ Ուսանողները հնարավորություն կունենան իրենց հետագա համալսարանական պրակտիկան անցկացնել Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնում։ Բացմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո պատասխանատու Վիոլետա Տալանդիսը, դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանը, ակադեմիայի աշխատակիցներ և ուսանողներ։ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը իր խոսքում ընդգծեց համագործակցության կարևորությունը։ Այնուհետև Հասմիկ Կարապետյանը խոսեց համագործակցության առավելությունների, գրադարանի ռեսուրսների, ծառայությունների և այն մասին, թե ինչպես գրադարանը կարող է աջակցել ակադեմիայի ուսանողներին՝ անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսներով ապահովելու գործում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո պատասխանատու Վիոլետա Տալանդիսը իր խոսքում նշեց, որ դեսպանատունը ուրախ է տեսնել, թե ինչպես են հայ երիտասարդները կարևորում անգլերենի ուսուցումը և հայտնեց իրենց պատրաստակամությունը նմանատիպ համագործակցություններում։ Բացման արարողության երկրորդ հատվածում Ավ. Իսահակյանի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանը ներկայացրեց անկյան հիմնական գործառույթները և ուսանողներին հրավիրեց գրադարան՝ ծանոթանալու բաժնի գործունեությանը և մասնակցելու միջոցառումներին ։ Ավարտին Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը խոսեց eLibraryUSA ռեսուրսների բազայի և դրանց օգտակարության մասին։ Նմանատիպ համագործակցությունը Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի համար իր 10-ամյա պատմության ընթացքում առաջինը չէ։ Մենք համագործակցում ենք Երևանի Պետական համալսարանի, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանում ու մարզերում գտնվող այլ կրթական ու մշակութային հաստատությունների հետ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են