2015 թ-ի փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին , Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ135 հիմնական դպրոցում անսովոր իրարանցում էր. <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը կազմակերպել էր հանդիպում ASALA-ի (Armée secrète arménienne de libération de l'Arménie')՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, <<Վան>> օպերացիայի հրամանատար Վազգեն Սիսլյանի, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի և Արցախի հերոսամարտի «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանի հետ: Աշակերտները, ուսուցչական կազմը և ծնողները ծափողջյուններով դիմավորեցին հյուրերին: Գրիգոր Ջանիկյանն ողջունեց ներկաներին, փաստեց հանդիպման կարևորությունը՝ աճող սերնդին հերոսների հետ ծանոթացնելու և նրանց մեջ հայրենասիրական ոգու դաստիարակման գործում: Վազգեն Սիսլյանն նշեց, որ հայ ազգի զինվոր լինելու պատգամն ժառանգել է իր պապից ու հորից: Մանկության տարիներին մարզվել է Լիբանանի լեռներում, սովորել է տիրապել զենքին: Դեռևս 1980-ականներին Բեյրութի և Լիբանանի մի շարք այլ քաղաքներում, քաղաքացիական պատերազմի պայմաններում, հայ երիտասարդները ջոկատներ էին կազմում՝ հայկական թաղամասերը պաշտպանելու համար, որոնց մեջ էր նաև երիտասարդ Սիսլյանը: Այդ ժամանակ էր, որ ազգային գաղափարներով տարված, Վազգենը համալրում է ԱՍԱԼԱ-ի շարքերը:
Նա ներկաներին մտովի տեղափոխեց 1981թ. Փարիզ:
_Ինձ ղեկավարության կողմից հանձնարարվեց, որ գործողություն պիտի կատարվի և ես էլ պիտի մասնակցեմ կամ լինեմ հրամանատար: Մեկ շաբաթ ժամանակ խնդրեցի մտածելու համար , արդյոք կկարողանա՞մ իրականցնել այն, թե՝ ոչ: Սակայն 2-3 օր անց որոշեցի,իսկ ինչու՞ ոչ: Սկսեցինք կազմակերպել <<Վան>> գործողությունը: <<Վան>>-ի կարևորությունն ինձ համար շատ մեծ էր, դա նույնն էր, ինչ մարդ իր գերագույն երազանքը իրականացնի: Մենք հոգեբանորեն պատրաստվեցինք և իրականացրեցինք այդ գործողությունը:
Եվ ահա գալիս է այդ բաղձալի օրը. 1981թ. սեպտեմբերի 24:
Գաղտնի բանակն իրականացրեց իր կարևորագույն գործողություններից մեկը՝ <<Վան>> օպերացիան: Չորս երիտասարդ մահապարտներ՝ Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանն ու Հակոբ Ջուլֆայանն, գրավում են Փարիզի թուրքական հյուպատոսարանը: Տղաները 16 ժամ գրավված են պահում հյուպատոսարանը և իրենց պահանջները ներկայացնում թուրքական և ֆրանսիական կառավարություններին: Պահանջներից մեկն այն էր, որ իրենց հանդեպ իրականացվի քաղաքական դատավարություն: Ֆրանսիան հարկադրված ընդունում է այդ պահանջը և տղաները հանձնվում են: Պահանջում են իրենց տրամադրել դասախոսներ ՝ ֆրանսերեն լեզուն սովորելու համար, որպեսզի թարգմանիչների կողմից ոչ մի պահանջ չխեղաթյուրվի: Ֆրանսահայ համայնքը մեկ մարդու պես կանգնում է տղաների կողքին, վարձվում են երկրի լավագույն փաստաբանները:
Հատված պաշտպան Լըքլերի ճառից.
<<… այս տղաները ահաբեկիչներ չեն, հայ ժողովրդի զինվորներն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչների, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատևում է, մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաև հերոսների ու նահատակների շնորհիվ, հատկապես զինվորների, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցեք, որ զինվորների եք դատապարտում»: <<Հայերի դատը Փարիզում>> /Գրիգոր Ջանիկյան/
Մարտախմբի տղաները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման: Արամը բանտում երկար չդիմացավ և մի օր նրան կախված գտան բանտախցում, իսկ Վազգենը, Հակոբն ու Գևորգը ազատ արձակվեցին 1986թ: Տարիներ անց արցախյան ազատամարտի կոչը տղաներին բերեց հայրենիք: Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Քնարիկ Համբարձումյանը: Աշակերտները ելույթ ունեցան հայրենասիրական բանաստեղծություններով և ներկայացրեցին ԱՍԱԼԱ-ին նվիրված տեսաֆիլմ: Միջոցառման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը: Վերջինս ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրինությանը՝ իրենց հարկի ներքո նման ուսուցանող միջոցառում կազմակերպելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են