«Հայագիտակ» հրատարակչության գործունեության 25-ամյակը


   Նոյեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում իր գործունեության 25-ամյակն էր նշում «Հայագիտակ» հրատարակչությունը: Այս միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հրատարակչության լույս ընծայած գրքերի մի մասը, այդ թվում՝ յուրօրինակ, միայն «Հայագիտակ»-ի կողմից հրատարակվող քարե կազմով գրքերը: Միջոցառումը սկսվեց «Սև գրքի» մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը, ինչպես և գիրքը, նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆիլմի ցուցադրությունից հետո շնորհավորական խոսքով հանդես եկավ ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Նա նշեց, որ գրադարանը վաղուց է համագործակցում հրատարակչության հետ, իսկ այսօր այդ կապերն ավելի ամրապնդվեցին: «Հայագիտակ» հրատարակչության նախագահ Ալբերտ Իսոյանը հանգամանորեն պատմեց հրատարակչության 25 տարիների բեղուն աշխատանքի և արդյունքների մասին: «Երկիր դրախտավայր» գիրքը Ռիմա Դեմիրճյանին նվիրելուց հետո, պարոն Իսոյանը խոսքը փոխանցեց նրան: Տիկին Դեմիրճյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Հայագիտակ» -ին, մասնավորապես պարոն Իսոյանին՝ Կարեն Դեմիրճյանի մասին գրքեր հրատարակելու և դրա միջոցով նրան հետագա սերունդներին ճանաչելի դարձնելու համար: Շնորհավորական խոսքով հանդես եկան բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, «Սև գիրք» ֆիլմի ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայ-ռուսական/սլավոնական/ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանը: «Հայագիտակ» հրատարակչությունը շնորհակալագիր ստացավ գրադարանի կողմից՝ գրադարանին գրքեր նվիրելու և գրադարանի հավաքածուն հարստացնելու համար: Շնորհակալագիրը հանձնեց ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Պարոն Իսոյանը և պարոն Չալիկյանը գրառումներ թողեցին «Գրադարանի բարեկամ»-ի հուշապատին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են