<<ԷԼԳՐԱԴ>> ծրագրի քննարկում


   <<ԷԼԳՐԱԴ>> ծրագրի քննարկումը Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում
   ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 19 -ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրադարանների գործառույթների էլեկտրոնային վարման <<ԷԼԳՐԱԴ>> համակարգի քննարկումը:<<ԷԼԳՐԱԴ>> համակարգը նախատեսված է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման կազմակերպման և գրադարանների գործառույթների վարման ավտոմատացման համար: <<ԷԼԳՐԱԴ>> համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.
●Ընթերցողների էլեկտրոնային սպասարկման և գրականության ընթերցման համակարգ
● Գրադարանային գործառույթների էլեկտրոնային վարման ենթահամակարգ
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Մշակույթի փոխնախարար պարոն Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, «Խնկո-Ապոր» անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորամուծությունների և ձեռներեցության ազգային կոմիտեի փոխտնօրեն Լևոն Ղարիբյանը, ՀՀ <<Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ>>-ի ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ակադեմիկոս Արման Քուչուկյանը,հանրապետական, մարզային և համայնքային գրադարանների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, որը ներկայացրեց <<ԷԼԳՐԱԴ>> ծրագիրը՝ ստեղծված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից,որը փորձնական ներդրվել է Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում դեռևս 2013թ. հունվարից: <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի գործնթացների ավտոմատացման և թվայնացման բաժնի ինժեներ-օպերատորներ Լիլիթ Շահբազյանը մանրամասնորեն ներկայացրեցին <<ԷԼԳՐԱԴ>> համակարգը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գրադարանում արդեն գրանցված ընթերցողներին սպասարկել էլեկտրոնային տարբերակով: Ընթերցողը իրեն անհրաժեշտ նյութի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ կենտրոնացված էլեկտրոնային գրացուցակների <<ԱԼԵՖ>> ծրագրով, որտեղ տեղակայված են Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի, ինչպես նաև Երևանում գործող մի քանի խոշոր գրադարանների գրքային ֆոնդերի ավտոմատացված գրացուցակները: Համակարգը ապահովում է նաև էլեկտրոնային գրքի ընթերցման մի քանի հնարավորություն. ընթերցողը կարող է պատկերի տեսքով գիրքը կարդալ, ինչպես նրա էջերի հաջորդականությամբ, այնպես էլ ընտրել իրեն հետաքրքրող գրքի ընտրված էջը և կարդալ այդ հատվածից: Ներկայացվեցին նաև օնլայն պատվերների գրանցման, ընթերցողների ուշացումների, սպասարկված գրականության դասակարգման, ընթերցողների կրթական, տարիքային, և սեռի հաշվառման, ինչպես ամենօրյա, այնպես էլ ամսվա և տարեկան կտրվածքով և ծրագրի այլևայլ գործառույթներ : Ծրագրի ներկայացումից հետո մասնակիցների միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում և բարձրացված հարցերին պատասխանեցին ծրագրի աշխատանքային խմբի մասնագետները՝ ակադեմիկոս Արման Քուչուկյանը և ինստիտուտի աշխատակիցներ Խաչիկ Շարոյանն ու Անահիտ Գալստյանը :Ելույթ ունեցան ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Նորամուծության և ձեռներեցության կենտրոնի փոխտնօրեն Լևոն Ղարիբյանը, ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: ՀՀ Մշակույթի փոխնախարար Ն. Տեր-Վարդանյանը առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ ,հաշվի առնել քննարկման ընթացքում բարձրացված հարցերը,անհրաժեշտության դեպքում վերամշակել ծրագիրը և առաջիկայում նորից կազմակերպել <<ԷԼԳՐԱԴ>> ծրագրի ընդլանված քննարկում՝ մասնակից դարձնելով Հանրապետության գրադարանային լավագույն մասնագետներին՝ հետագայում ծրագիրը հավանության արժանանալու դեպքում,այն ՀՀ գրադարանային ոլորտում կիրարկելու նպատակով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են